Աթաթուրքին վիրավորած 23-ամյա աղջիկը՝ Թուրքիայի ուշադրության կենտրոնում

Նախօրեին Թվիթերի թուրքական հատվածում ամենատարածված  հեշթեգը հետևյալն էր. «Ձերբակալել Սաֆիյե Ինջիին»: Սաֆիյե Ինջին Էրզրումի Սպեր (թուրքերեն՝ Իսփիր) գավառից  23-ամյա աղջիկ է: Իսլամական չարշաֆով փաթաթված Ինջին կիրակի օրն այցելել էր Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Թուրքիայում Անըթքաբիր գնալը վերածվել է  յուրահատուկ ծեսի, այն կարծես պարտադիր լինի հատկապես դպրոցականների ու երիտասարդների համար: Ավելի ուշ պարզվեց, որ աղջիկը սեփական ցանկությամբ չէր եկել. հարազատներն էին նրան համոզել ու բերել Անկարա:

Անըթքաբիրից աղջկա հրապարակած տեսանյութը րոպեներ անց դարձավ քննարկման հիմնական առարկան. «Ամաչում եմ, որ եկել եմ դամբարան, երնեկ չգայի: Աթաթուրքը չի փրկել Թուրքիան: Կա՞ն չէ քեմալականներ, որ չեն սիրում  Թայիփին (Ռեջեփ Թայիփ Էրդողան – խմբ)… Աթաթուրքը ըսկի Թայիփի քաքը չարժի»:

Ինջիին չօգնեցին նաև զղջման ու ներողության խոսքերը. նա Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվեց:

Քեմալի հետնորդները համոզված են՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության  իսլամական քաղաքականությունն է հանգեցնում Աթաթուրքի անձի ու նրա գաղափարների ոտնահարմանը:

Մուստաֆա Քեմալի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան  կարծում է, որ դատախազությունը չի պատժում Քեմալի անձը վիրավորողներին։ «Այդ պատճառով Աթաթուրքի արձանի վրա հարձակվողները,  նրա մորը, հոգեզավակին վիրավորողները ոգևորվում են: Մտահոգիչ է տեսնել, որ երբ գործը հասնում է Էրդողանին, անմիջապես գործի են անցում, իսկ երկրի հիմնադիր Աթաթուրքի պարագայում լռություն են պահպանում»,- գրում է Վելի Աղբաբան:

Քեմալականների մտահոգությունը թերևս անտեղի չէ: 2017-ի օգոստոսին Մերսինի նահանգում մի մարդ ջարդել էր Աթաթուրքի կիսանդրին, նույն օրերին իրեն ուղղահավատ մահմեդական համարող մեկն էլ Ուրֆայում հարվածել էր Աթաթուրքի արձանին՝ այդպես իր բողոքը հայտնելով նրա կրոնական քաղաքականության դեմ:  Միաժամանակ կենդանացել են Քեմալի գեյ լինելու մասին խոսակցությունները: Առավել կարևոր է այն, որ դպրոցական դասագրքերում Աթաթուրքի մասին նյութերը կրճատվել, իսկ իսլամի ուսուցման ժամերն ավելացել են։

Պատահական չէ, որ աշխարհիկ հանրապետության հիմնադրի ապահերոսականացումը, միֆազերծումը, պատմական դերը նվազեցնելու միտումները ի հայտ են գալիս Արդարություն և զարգացում  կուսակցության դիրքերի ամրապնդմանը զուգահեռ: Սխալ կլինի ասել, թե կուսակցությունն ուղղակիորեն խրախուսում է Աթաթուրքի անձը վիրավորողներին, բայց իսլամական քաղաքականությունն ու օսմանյան անցյալաբաղձությունը  նպաստում է դրան. չէ՞ որ հենց «աթեիստ Քեմալն է վերացրել Օսմանյան կայսրությունը, որ նաև խալիֆայություն էր՝ իսլամական աշխարհի կենտրոնը»:

Թուրքիայում որոշ վերլուծաբաններ, տարիներ շարունակ հետևելով Էրդողանի խոսքին, մի միտում էին նկատել՝ Էրդողանը շատ չի սիրում կրկնել Քեմալի «Աթաթուրք»՝ թուրքերի հայր պատվանունը: 2017-ին շատերի համար անակնկալ Էրդողանը սկսեց  հաճախադեպ օգատգործել Աթաթուրք բառն ու «սեփականեց» նրան: Ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթը Էրդողանի շրջադարձը բացատրում էր սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններով. Էրդողանը փորձում էր սիրաշահել Աթաթուրքի անձը անձեռնմխելի ու սուրբ համարող քաղաքացիներին: էրդողանի վերոհիշյալ մոտեցումը դիպվածային է ու չի փոխում նրա իսլամական ու նեսօսմանական քաղաքականությունը:

Քեմալի հասցեին հայտարարությունը արտահայտում է իսլամական ու աշխարհիկ թուրքերի աշխարհայացքային տարբերությունը: Մի քանի օր առաջ Էրդողանին պաշտպանող կրոնական միաբանություններից մեկի առաջնորդը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ քանի իրենք կան, քեմալականները (կարդա՝ աշխարհիկները) հանգիստ չունեն այս երկրում: Քեմալականներին անհանգստացնում է  իսլամի՝ հասարակական տարբեր ոլորտներ, այս թվում զինված ուժեր ներթափանցումը, աթեիստների նկատմամբ քամահրական վերաբերմունքը, դասագրքերում կատարվող փոփոխությունները, գլխաշոր չկրող ու կարճ զգեստ հագնող աղջիկների նկատմամբ վատ վերաբերմունքը:

Թուրքիայում  իսլամի հաղթարշավը կարող է ավելի խոր անջրպետ առաջացնել աշխարհիկ ու իսլամական հատվածների միջև, այդ պարագայում աշխարհիկների իդեալին՝ Քեմալին, վիրավորողներն ավելի կշատանան:

Գոռ Երանյան