Ոստիկանության 1,6 միլիարդանոց մրցույթում հաղթել են Միհրան Պողոսյանի հետ փոխկապված անձինք

Հուլիսի 22-ին Հետքը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ ոստիկանությունը 2017-ի փետրվարին 1,6 միլիարդ դրամի երեք պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող «Ուկռինվեստ» ընկերության հետ՝ ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման ու լուսազդանշանների պահպանման ծառայության համար։ ՍիվիլՆեթի հավելյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ հոգանոց այս ընկերության հետևում կանգնած են ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ փոխկապված անձինք։

Ոստիկանությունն արձագանքել է այս հրապարակմանը՝ հայտնելով, որ «Ուկռինվեստը» այս մրցույթներին մասնակցել է «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ կոնսորցիումի պայմանագրով։

Այս կազմակերպությունը փոխկապված է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների հետ։ «Էս Թի Սերվիսը» շինարարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2009-ին։ Ընկերության միակ բաժնետերը Անժելա Պետրոսյանն է։ Վերջինս նաև «Երազ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Ինչպես հայտնի է, Երևանում կա նաև համանուն թաղամաս, որտեղ 2008-ից ի վեր կառուցվել ու կառուցվում են բնակելի շենքեր։ «Երազ» բնակելի թաղամասի կառուցապատումն իրականացնում է «Միկշին» ընկերությունը, որի բաժնետերը Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է՝ Տիգրան Հարությունյանը։

Ի՞նչ կապ կա «Միկշինի» և ոստիկանության 1,6 միլիարդ պայմանագրի միջև

Ինչպես հուլիսի 22-ին ոստիկանությունն էր պարզաբանել, «Ուկռինվեստը» մրցույթներին մասնակցել է համատեղ՝ «Էս Թի Սերվիսի» հետ։ «Էս Թի Սերվիսի» տնօրենը Ստեփան Խաչատուրյանն է, որը տնօրեն է նաև Միհրան Պողոսյանի բարեկամների հետ փոխկապված «Միկշին» ընկերությունում։ Ըստ Spyur.am տեղեկատվական համակարգի՝ երկու ընկերությունների հասցեն, հեռախոսահամարները նույնն են։ Որպես «Էս Թի Սերվիսի» կայք նշված է Mikshin.am-ը։ Ի դեպ, մեկ տարի առաջ Ստեփան Խաչատուրյանը որպես «Միկշինի» տնօրեն պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով։

«Հետքը» նաև նշել էր, որ ոստիկանության այս խոշոր մրցույթի հաղթող «Ուկռինվեստը» և «Միկմետալ» ՓԲԸ-ն ժամանակին ստեղծել են կոնսորցիում և մասնակցել են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հայտարարած Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման վարկային մրցույթին, որպեսզի իրականացնեն Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներ, սակայն հայտը մերժվել է գնահատման և որակավորման չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

«Միկմետալ»-ի 75 տոկոսի բաժնետերը Միհրան Պողոյսանի մորեղբոր մյուս որդին է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը։

Չի բացառվում, որ մրցույթում հաղթած ու մեկ աշխատակից ունեցող «Ուկռինվեստ» ընկերության մասնակցությունն ու մրցույթում հաղթելը նպատակ ունի քողարկել «Ուկռինվեստի» հետ համատեղ մրցույթը հաղթած ու Միհրան Պողոսյանի հետ փոխկապված անձանց։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ Միհրան Պողոսյանը

Մեկնաբանել