Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության․ Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ երկրում չէ, բայց հուլիսի 26-ին նա կներկայանա Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի գործով հարցաքննության․ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Գիտեք՝ այս պահին նա Հայաստանում չէ, բայց իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել: Սրանից առաջ այն, ինչ հայտարարել էի, ուժի մեջ է։ Նշանակված օրը նա Հայաստանում է լինելու, ես հայտարարել էի այդ մասին, և կմասնակցի հարցաքննությանը»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Ինչ վերաբերում է հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելուն, ապա Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ դա տեխնիկական պայմանավորվածություն է և դեռևս քննարկման փուլում է:

***

Հուլիսի 19-ին  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցաքննության ծանուցագիրը տրված է Ռոբերտ Քոչարյանին, նախատեսված է, որ նա հուլիսի 26-ին պետք է ներկայանա։

Ռոբերտ Քոչարյանի կողմի՝ հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու առաջարկի մասին Խաչատրյանն ասաց, որ «դեռ չեն քննարկել, կքննարկեն»։ Նրա խոսքով՝ տեսանկարահանումն «իհարկե հնարավոր է», ինչ վերաբերում է հրապարակայնացմանը՝ վարույթն իրականացնող մարմինը կորոշի՝ «ինչ չափով հրապարակայնացնել կամ ընդհանրապես չհրապարակայնացնել»։ 

«Ընդդիմադիրները վկայություններ տալո՞ւ են, այդ թվում՝ վարչապետը, որն այդ տարիներին շարժման ակտիվ անդամներից էր» հարցին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց․ «Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա։ Որպես վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որը կարող է որոշակի տեղեկատվություն տալ քրեական գործով»։