Արցախի բանակի հրամանատարը չի բացառել Մինգեչաուրի ջրամբարը՝ որպես թիրախ

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում հարվածներ կհասցվեն Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարին, հաղորդում է «Արմենպրեսը»։

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Ստեփանակերտում հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ջրամբարում տեղի ունեցած տրանսֆորմատորի վթարի հետևանքով Ադրբեջանի տարածքի մեծ մասը, այդ թվում՝ Բաքուն, զրկվել էր էլեկտրաէներգիայից։

Լևոն Մնացականյանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերման, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռների մասին, որոնց հեռահարությունը 300 կմ է։ Նրա խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ․ «Մեր Զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաև նշանառու կրակի հնարավորություն»։

Մինգեչաուրի ջրամբարը Արցախի առաջնագծից մոտ 50 կմ է հեռու։

Հուլիսի 23-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին Eadaily-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանական կողմը թող վստահ չլինի, որ պահպանելու է ռազմական իրավիճակի սրման մենաշնորհը։