Փաշինյան-Ալիև հանդիպման համար հայկական կողմը ժամանակ է խնդրել․Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման համար հայկական կողմը ժամանակ է խնդրել։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Բաքվում իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Մամեդյարովը խոսել է Հայաստանի արտգործնախարարի հետ իր առաջիկա հանդիպման մասին և նշել, որ արդեն համաձայնություն կա այն անցկացնել սեպտեմբերին։

«Առաջարկ է հնչել հանդիպումը կազմակերպել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում կամ դրանից առաջ։ Ես Ադրբեջանի անունից պատրաստակամություն եմ հայտնել և ասել՝ գլխավորը, որ բանակցությունները արդյունավետ լինեն։ Ինչ վերաբերում է բարձր մակարդակով հանդիպմանը,- վարչապետի և նախագահի հանդիպմանը,- հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցությունների գործընթացին ծանոթանալու համար»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Մեկնաբանել