Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի՝ Մինգեչաուրի ջրամբարը թիրախ դիտարկելու հայտարարությանը։
Հուլիսի 24-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսին Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կաթվածահար կարվի Ադրբեջանի տնտեսությունը և հարվածներ կարող են կհասցվել անգամ Մինգեչաուրի ջրամբարին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ Minval.az կայքի, արձագանքել է այս հայտարարությանը՝ ակնարկելով, որ Ադրբեջանի համար թիրախ է նաև Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ), թեև ատոմակայանի մասին ուղիղ չի նշվում։
«Ադրբեջանի բանակը պատրաստ է ռազմաճակատում որևէ զարգացման։ Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության տակ ամենաարդիական սպառազինությունները կարճ ժամանակում կարող են ոչնչացնել հակառակորդի բոլոր ռազմական օբյեկտներն ու ռազմավարական կոմունիկացիաները»,- ասված է հայտարարությունում։
«Նախքան այդպիսի անպատասխանատու հայտարարություններ անելը, թշնամի կողմը պետք է մտածի այն մաիսն, որ Հայաստանի տարածքում կան այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այդ տարածքներում դարեր շարունակ կյանք չի լինի»։