Վարչապետը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին:

«Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ)», – գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ: Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում», – ասված է վարչապետի գրառման մեջ։

Մեկնաբանել