Առաջին փոխվարչապետը ստորագրել է խոսնակի՝ աշխատանքից ազատվելու դիմումը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատման դիմումը․ այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

«Բարեկամներ,

Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։

Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հուլիսի կեսին։ Որոշումը հաջորդել էր ավելի վաղ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին, որի ընթացքում Փաշոյանի արտահայտած որոշ ձևակերպումներ տարընթերցումների տեղիք էին տվել և առաջացրել հանրության մի հատվածի բողոքն ու դժգոհությունը:

Լուսանկարում՝ Կարպիս Փաշոյանը աջից

Մեկնաբանել