Քոչարյանը դատարանում չէ․ փաստաբանները պատրաստվում են նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում րոպեներ անց պետք է մեկնարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման քննությունը։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նա տեղեկացրեց, որ նոր է ներգրավված քրեական գործում։ Փաստաբանների տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու խնդիր կա, նա դեռևս ծանուցված չէ, ուստի, չի բացառվում, որ ներկա չլինի նիստին։

Արամ Օրբելյանը նաև հավելեց, որ նիստը րոպեներից կմեկնարկի և առավել պարզ կդառնա հետագա ընթացքը։ Ամեն դեպքում փաստաբանները պատրաստվում են նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնել։

Քոչարյանին կալանավորելու որոշումը դատարան է ուղարկել Հատուկ քննչական ծառայությունը։ Հուլիսի 26-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել