Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի սղագրությունը ներկայացնում է 2rd.am կայքը:

– Դուք երկար ժամանակ է, որ հարցազրույց չեք տվել հեռուստատեսային ֆորմատով: Իրո՞ք վիճակն այդքան անկյունադարձային է, որ համաձայնվեցիք:

– Այո:

– Այսօր Ձեզ կանչել են ՀՔԾ: Երևի առաջինն ենք, որ պետք է տեղեկանանք ինչ զրույց եղավ, ինչու էին Ձեզ կանչե և ինչ կարգավիճակով էին կանչել:

– Կանչել էին ինձ վկայի կարգավիճակով, բայց քննիչի հենց առաջին նախադասությունը հետևյալն էր, որ էդ կարգավիճակը փոխում են և մեղադրանք են առաջադրում իմ նկատմամբ: Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով:

– Եվ մեղադրանք ի՞նչ ձևակերպմամբ և ինչ գործողությունների համար:

– Ճիշտ այն է, ինչ ՀՔԾ-ի հայտարարության մեջ էր կապված Միքայել Հարությունյանի հետ, ճիշտ նույնը: Այդ կոնտեքստի մեջ և ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ: Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միքայել Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է, չի ճանաչվում ՍԴ-ի որոշումը, չի ճանաչվում 2008 թվի ընտրությունների արդյունքները: Ըստ էության՝ այսպես կոչված՝ լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ և ըստ էության՝ ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հաղթել է 2008թ. ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է, որն իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի:

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության…

Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շիինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության և սահմանադրության շրջանակներում են իրականացվել:

– 2008թ. նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենք հաղթել են: Այն թեզը, որ իրականում հաղթանակը տոնել է ընդդիմության ներկայացուցիչը, այն ժամանակ էլ էին կրկնում:

– Գիտե՞ք, ինքը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարում էր, որ ինքն արդեն հաղթել է: Ես հիշում եմ դա, իսկ ընտրություններից հետո հրապարակն ուղղակի անկառավարելի էր, նա արդեն նախագահ էր և պետք էր քայլեր ձեռնարկել պետական համակարգը կազմալուծելու ուղղությամբ, որոնք ձայնագրված են, եթեր էին գնում բոլոր ալիքներով, լրատվական միջոցներով հրապարակվել է այդ ամենը:

– ՀՔԾ-ն մեղադրանք է ներկայացրել Ձեզ, որ ընտրություններում ժողովրդի մեծամասնության կարծիքով հաղթած թեկնածուին Դուք թույլ չեք տվել, որ դառնա երկրի նախագահ:

– Որ սահմանադրական կարգն ենք տապալել: Ես, իբև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, և այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, և ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը:

Սահմանադրական կարգի տապալման փորձ արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21.6 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը:

Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը:

– ՀՔԾ-ն երբ ասում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, բայց հետո ԿԸՀ որոշում է եղել, հետո եղել է ՍԴ որոշում, որ ճանաչել է ընտրությունների օրինականությունը:

– Որը վերջնական է:

– Ձեր իրավախորհրդատուների հետ արդյո՞ք քննարկել եք սցենարը որն է, վերջը ի՞նչ է լինելու: Արդյո՞ք սահմանադրական դատարանն է որպես մարմին կամ ՍԴ անդամները ներգրավվելո՞ւ են էս գործում, ԿԸՀ-ն:

– Գիտե՞ք, ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելուց և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն և այլն: Այ սա է պատկերը: Դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է: Կուստուրիցան երևի կերազեր լիներ այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելուց: Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի: Մեր ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում:

Սա կնշանակի, որ այս իրավական նիհիլիզմը կարող է կրկնվել հետագայում, ամեն մի իշխանություն, ի վերջո այս իշխանությունը հավերժ չէ, փոխվելու է, և նորերը պետք է գան, պետք է վերանայեն, պետք է վերանայեն: Մարտռի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով պետք է բացահայտեն: Սա բացահայտում չէ: Իրենք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակրպումներ են փնտրում, թե ինչ ձևով իրար կցեն՝ այդ մեղադրանքն ապահովելու համար: Սա, կրկնում եմ, չէի պատկերացնում, որ էդպիսի բան հնարավոր է ընդհանրապես, իսկ երկրի համար վտանգն անսահման մեծ է: Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում:

Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակի պախարակումը ինչի՞ է բերելու: Պրծա՞ծ է, Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմանները հանգի՞ստ են, էլ անելիք չունե՞նք:

– Կա՞ն ուրիշ զինվորականներ, որ որպես վկա կամ կասկածյալ կամ մեղադրյալ հայտնի են:

– Ես իրավունք չունեմ դա ասելու, բայց վստահ եմ, որ վայսօր-վաղը բոլորդ ազգանունները լսելու եք:

– Հարցաքննվել է նաև Խաչատուրովը:

– Ես չգիտեմ, ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, և ես որ գերագույն գլխավոր հրամանատարն եմ, այդ ամենն իրականացրել եմ բանակի միջոցով, մեր ամբողջ բանակը հանցավոր է, մարդիկ, որոնք մեր փառավոր հաղթանակների ուղղակի հեղինակներն են: Ի՞նչ ասեմ:

– Նրանք հղում են անում հայտնի 038 հրամանին, որ հրամանն ինքնին ենթադրում է, որ բանակն արդեն ներքաղաքական պրոցեսների մեջ է խառնվում:

– Նայեք, իրենք ընդհանրապես խառնում են, ասում են, որ այդ հրչամանի միջոցով փաստացի մտցվել է ռազմական դրություն: Մարդիկ կամ ընդհանրապես պատկերացում չունեն ինչ է ռազմական դրությունը, կամ ունեն, բայց այլ կերպ չունեն: Այն փաստերը չունեն, որ գոնե քիչ փթե շատ հիօմնավոր կամ խելքին մոտիկ բան լինի գրված: Բացարձակ:

Ես մամուլին մեկ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ հանդիպում եմ ունեցել փետրվարի 23-ին զինվորական վերնախավի հետ, և այն կապված էր երկրապահի հետ, երբ հայտարարվում էր, որ շուտով երկրապահը, Մանվելը կմիանա, և այդ ամբողջ հանդիպման իւմաստը եղել է հետևյալը՝ բանակն իրավունք չունի ներքաշվել ներքաղաքական գործընթացների հետ: Մի քանի մեր գեներալներ, մանվելն ինքը լինելով ՊՆ եղակալ, գործող գեներալ, երկրապահի խորհրդի իբրև անդամ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էին, թե երկրապահը պիտի՞ միանա ցուցարարներին, թե՞ ոչ: Անթույլատրելի մի երևույթ էր, և ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարից միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար:

Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացրել, նախագահը չունի ավելի լայն իրավասություններ, քան սահմանադրությամբ է: Այդ հրամանը նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ:

– Որի մասին Դուք տեղյակ եղել եք:

– Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական ազդեցություններից այդ ժամանակահատվածում, երբ բոլոր միջոցներն ընդդիմությունը կիրառում էր երկրապահի միջոցով բանակը ներքաշելու այդ գործընթացի մեջ: Եվ մ իակ նպատակը դա էր: Չպետք է մոռանալ, որ այն ժամանակ մենք տագնապալից լուրեր էինք ստանում առաջնագծից, շփման գծից: Իրոք, պրոբլեմ է եղել, որը մարտի 4-ին արտահայտվել է իմ 10 տարվա նախագահության ժամանակահատվածի ամենախոշոր ընդհարումներով: