Մինգեչաուրից մինչև Մեծամորի ատոմակայան․ հայ-ադրբեջանական սպառնալիքների պատմությունից

Էմիլ Սանամյան

2016 թ. Քառօրյա պատերազմից հայկական կողմի գլխավոր քաղած դասն այն էր, որ «Ադրբեջանը չի կարող մենաշնորհ ունենալ իրավիճակի սրման վրա»․ անցյալ կիրակի տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ըստ Տոնոյանի՝ եթե Ադրբեջանը ևս մեկ հարձակում իրականացնի, հայկական կողմի արձագանքը չի լինի նույնքան սահմանափակ, որքան երկու տարի առաջ:

Երկու օր անց, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Լեռնային Ղարաբաղի աշտպանության բանակի հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը հաստատեց, որ «անհրաժեշտության դեպքում» կարող են հարվածել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ադրբեջանի ամենախոշոր՝ Մինգեչաուրում ջրամբարին ու ՀԷԿ-ին։:

Այս սպառնալիքները նոր չեն: 2016 թ. ապրիլից առաջ էլ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար հայկական կողմը նախազգուշացրել էր ուժեղ պատասխանի մասին: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը սպառնում էր հրթիռային հարձակումներ իրականացնել Ստեփանակերտի դեմ, հայկական կողմը հայտարարեց, որ պատասխանը կուղղի Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում` Մինգեչաուրին և Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալին: Բարեբախտաբար, կողմերը կրկին վերադարձան հրադադարի ռեժիմին՝ նախքան որևէ սպառնալիք կարող էր կյանքի կոչվել:

Մեծամորի նկատմամբ սպառնալիքներ նախկինում էլ են հնչել։ 2009-ին «Ազերթաջ» պաշտոնական լրատվական գործակալության մեկնաբան Վուգար Սեյիդովը առաջարկել էր, որ Ադրբեջանի ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքի վրա հնարավոր հարձակումը կանխարգելելու համար «պետք է հայտնենք հայերին, որ մեր մահապարտ օդաչուները կանեն ամեն ինչ, որպեսզի Չեռնոբիլը դրախտ թվա Մեծամորի համեմատ»։ Նմանատիպ սպառնալիքներ անցյալ տարի հրապարակվել էին նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից վերահսկվող լրատվական կայքում:

Սակայն ամենակատաղի սպառնալիքը Հայաստանի հասցեին հնչել է դեռևս Աբուլֆազ Էլչիբեյի ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովի կողմից։ Նա 1992-ին հայտարարել էր, որ եթե հայերը չհանձնվեն, ապա ինքը միջուկային ռումբ կնետի Ստեփանակերտի և Երևանի վրա։ Նա այդ ռումբերը չուներ, բայց հեգնականն այն է, որ մեկ քառորդ դար անց Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ հիմնական սպառնալիքը գալիս է Հայաստանի ունեցած ռուսական «Իսկանդեր» հրթիռներից։

Վերջին տասնամյակում Ալիևի վարչակազմը Հայաստանի հետ ռազմական հակամարտությունում երեք հիմնական նպատակ է հետապնդում.

1) պարբերաբար հրահրել կռիվներ՝ հայկական կողմում զոհեր և տարածքային առաջխաղացումներ ունենալու համար, որքան էլ որ դրանք փոքր լինեն,

2) հետ պահել գործողությունները ընդլայնվելուց և լիարժեք պատերազմի ու երրորդ կողմերի ներգրավվածության ռիսկից,

3) օգտագործել առաջնագծում ճնշում գործադրելու և լայնածավալ հակամարտության սպառնալիքը` բանակցություններում հայկական կողմին միակողմանի փոխզիջումներ պարտադրելու համար: Այս մոտեցումը օգնեց Ալիևին հանդարտեցնել նաև ներքին ճնշումները:

Թեև առաջին երկու նպատակները հիմնականում իրագործվել են, երրորդը՝ չի հաջողվել:

Իսկ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքն ունեցավ երկու հիմնական առումով: Նախ, Ադրբեջանի հիմնական հարձակողական գործիքը` Թուրքիայում և Արևմուտքում վերապատրաստված հատուկ ուժերը, լուրջ զոհեր ունեցան:

Եվ, երկրորդ, միջնորդների ուշադրությունը հակամարտությունների կարգավորումից տեղափոխվեց դեպի հրադադարի ամրապնդման մեխանիզմներ` իրավիճակի սրումը կանխելու համար: Դրանից հետո, 2016 թ. հունիսից Ադրբեջանը սկսեց թուլացնել շփման գոտու լարվածությունները:

2017 թ. փետրվարին, երբ ադրբեջանական ռազմական հրամանատարությունը փորձ արեց դիմել հատուկ ուժերի հարձակման հին մարտավարությանը, նրանք հասկացան, որ այն այլևս չի աշխատում հայկական կողմի՝ շփման գծում դիտարկման սարքավորումների տեղադրման պատճառով: 2017 թ. հուլիսին Ադրբեջանը փորձեց օգտագործել նոր տեխնիկա, մահապարտ դրոններ` հայկական դիրքերի վրա հարձակում գործելու նպատակով, սակայն հարձակումը հաջող չէր: Բացի այդ, քանի որ Իսրայելի Aeronautics ընկերության աշխատակիցների դեմ հանրային արշավ եղավ այն լուրերի հրապարակումից հետո, որ նրանք Ադրբեջանից հայերի դեմ կառավարել են իրենց արտադրած դրոնները, և Aeronautics-ի՝ Ադրբեջանին դրոններ վաճառելու արտոնագիրը կասեցվեց։

Ռազմական գործողությունների հարաբերական հանգստի շուրջ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակում է վերազինվել և հավանաբար դիտարկում է ռազմական տարբերակներ: Սակայն գարնանը Հայաստանում իշխանափոխությունը անորոշության է հանգեցրել՝ երկու հիմնական առումով:

Նախ, Ալիևը հավանաբար հույս ունի, որ Փաշինյանի՝ հանրահավաքների միջոցով իշխանության գալը կարող է հանգեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա խնդիրներ ունենալուն: Մինչ օրս այդպիսի խնդիրների ակնհայտ նշաններ չկան, բացի ռուս և հայ որոշ մեկնաբաններից, որոնք խոսում են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի կամ Հայաստանի նոր առաջնորդի արևմտամետ կասկածելի հակումների մասին: Ռուսաստանյան առաջատար փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը պնդեց, որ այն ամենը, ինչ Ռուսաստանի ղեկավարները ցանկանում են տեսնել Հայաստանից, վստահությունն ու կանխատեսելիություն է։

Երկրորդ, երբ խոսքը «սրացումների մենաշնորհների» մասին է, պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանի արձագանքը որքանով կարող է տարբերվել Սերժ Սարգսյանի արձագանքից: Մայիսին Նախիջևանում Ադրբեջանի տեղաշարժերի ավարտից հետո այն շատ տարբեր չէր, բայց այդ ժամանակ Փաշինյանի ընտրվելուց ընդամենը մի քանի օր էր անցել:

Դիվանագիտական ճակատում Փաշինյանը Ալիևին սկսում է մարտահրավեր նետել այնպես, ինչպես Սարգսյանը չէր անում։ Այս շաբաթ տված հարցազրույցում Ղարաբաղում ծառայող իր որդու մասին խոսելիս վարչապետը նշեց, որ ուրախ կլինի Ալիևի որդուն ևս տեսնել Ղարաբաղի ճակատում ծառայելիս, քանի որ դա Ադրբեջանի ղեկավարի կողմից խաղաղության մեջ անձամբ շահագրգռված լինելու նշան կլինի։

«Իհարկե, ես չեմ ուզում, որ պատերազմ լինի, որում իմ որդու, իմ հայրենակիցների որդիների կամ սովորական ադրբեջանցիների որդիների զոհվելու վտանգը կա,- ասաց Փաշինյանը:- Միևնույն ժամանակ, [իմ որդու ծառայությունը Ղարաբաղում] նշանակում է, որ մենք պատրաստ ենք զոհաբերել ամեն ինչ՝ մեր ժողովրդին պաշտպանելու համար»։

Էմիլ Սանամյանը լրագրող-հետազոտող է, մասնագիտացած է Հարավային Կովկասի խնդիրներով։ Սանամյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիրն է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց որդի Աշոտին ճանապարհում են զինվորական ծառայության Լեռնային Ղարաբաղ, Երևան, հուլիսի 9։

Read the article in English.

Մեկնաբանել