Խաչատուրովը տեղյակ չէ մեղադրանքի բնույթից և հիմքերից․ պաշտպան (լրացված)

15:33

ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից փոխանցում է, որ ժամը 15։00-ին մեկնարկած՝ Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննությունն ընդմիջվեց, կշարունակվի ժամը 18։00-ին։ Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը «տեղյակ չէ մեղադրանքի բնույթից և հիմքերից»։

15:06

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ժամանեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որտեղ պետք է քննվի նրան կալանավորելու միջնորդությունը։

Այսօր՝ ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008թ․ «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:

Ինչպես փոխանցում է ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը, լրագրողների հարցին ի պատասխան՝ Խաչատուրովն ասել է, որ չի ընդունում մեղադրանքը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորույունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել