LIVE BLOG. Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Երևանի Էրեբունի Պլազա հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանը, Սարգիս Գրիգորյանը, ինչպես նաև Քոչարյանի գրասնեյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասուլիս են հրավիրել։

Հուլիսի 27-ի ուշ երեկոյան դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել երկու ամսով։ Նույն գործով մեղադրվող գեներալ Յուրի Խաչատուրովը, որը 2008-ին ԶՈՒ Երևանի կայազորի պետն էր, հուլիսի 27-ի ուշ երեկոյան գրավի դիմաց ազատ արձակվեց։

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 26-ին հայտարարեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով։ Միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Քոչարյանը իր նկատմամբ սկսված գործընթացն անվանել է քաղաքական հաշվեհարդար, վենդետա և նշել, որ պատրաստ է նստել և պայքարել իր իրավունքների համար։

ՍիվիլՆեթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների աուլիսը լուսաբանում է ուղիղ տեքստային ռեժիմով։

14:13

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը այս պահին Ռոբերտ Քոչարյանի մոտ է:

14:09

Վիկտոր Սողոմոնյան. Ես կարծում եմ, որ փաստաբանների աշխատանքը անհրաժեշտ է, այն մեղադրանքները, որ հնչեցվում են, թեև կեղծ են, դրանց հետ գործ պետք է ունենան լավագույն մասնագետները:

14:04

Ռուբեն Սահակյան. այնքան պարզ գործ է, որ մեկ սցենար կա՝ Ռոբերտ Քոչարյանը արդարացվելու է:

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվելու:

14:01

Ռուբեն Սահակյան. Քոչարյանի պատմածից երևում է, որ նաև ՊՆ ղեկավար Միքայել Հարությունյանի գործողություններում չկան օրենքի խախտման հատկանիշներ:

14:00

Վիկտոր Սողոմոնյան. Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից զինված ուժերի ներքաշման փորձ է եղել:

13:52

Պատվիրատուների մասով Սողոմոնյանն ասում է, որ երբ իմանան, բացեիբաց կհայտարարեն:

13:48

Սողոմոնյան. անցած տասը տարիներին մենք գործի ընթացքից տեղեկացել ենք մամուլից:

13:45

Սողոմոնյան. Ով է պատասխանատու 10 զոհերի համար՝ մենք ուզում ենք իմանալ քննության միջոցով:

13:34

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը մեղքը բարդելու համար շատ լավ թիրախ է: Ես վստահ եմ, որ հասարակությանը սպասում են շատ հետաքրքիր բացահայտումներ: 10 տարի ուղղակի մոլորեցրել են, կեղծ փաստեր են բերել:

13։18

Ռուբեն Սահակյան․ Փաստաթուղթը, որ ներկայացվել է դատարան, իրավական անգրագիոտթյան օրինակ է։

13:15

Վիկտոր Սողոմոնյան․ Մեզ մնում է պարզել՝ Բերյան ով է։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավաական բեսպրեդել չի լինելու ու պաշտոնաթող նախագահին օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդարը չի անցնելու; Ես ուզում եմ սա պաշտոնապես հայտարարել։ Չի անցնելու։ Նախագահը ազատ է արձակվելու։ Իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են։ Այս ճանապարհին չկա որևէ իրավական և քաղաքական գործիք, որը մեք չօգտոգործենք։

12։57

Սարգիս Գրիգորյան․ Պարոն Քոչարյանը բացահայտել է [2008-ի փետրվարի] ամսի 23-ի հանդիպման մանրամասները։ Հանդիպմանը քննարկվել է երեք հարց․ 1-ինը, որ բանակը չպետք է ներգրավված լինի քաղաքական գործընթացներին, 2-րդը կարգուկանոնի հարցն է եղել, և 3-րդ, այդ ժամանակ սահմանում լարված է եղել։ Այսինքն մարտի 1-ին, երբ հայտարարվել է արտակարգ դրություն, եղել են ներքին և արտաքին սպառնալիքներ անվտանգությանը։

12։53

Սարգիս Գրիգորյան․ Մարտի 1-ի գործով խնդիրներ կան իրավունքի գերակայության տեսանկյունից։

2008թ, ԵԽ-ն ընդունել է երկու բանաձև, ընդդիմությանը կոչ է արել ճանաչել ՍԴ որոշումը։

2008թ․ մարտի 2-ին ԱԺ-ն հատուկ նիստ հրավիրեց, որ նախագահի արտակարգ դրության մասին հրամանագիրը եղել է իրավաչափ։ Միջազգային կազմակերպությունների կողմից որևէ մեկնաբանություն չի եղել։

12։48

Արամ Օրբելյանը փաստարկներ է բերում, որ Քոչարյանի գործողությունները արվել են իր սահմանադրական լիազորությունների շրջանակում։ 

Ըստ էության՝ այս գործընթացը, այն ձևով՝ փաստաթղթերով, հիմնավորումներով, հապճեպությամբ, մեծ ռիսկ ունի առաջացնելու խնդիրներ ՀՀ ցանկացած քաղաքացու համար։ Եթե ՀՀ նախագահի դեմ, որը ունի լավ փաստաբաններ, տեղի է ունենում այս ամենը, ապա սովորական քաղաքացիների դեպքում ավելի վատ կլինի։

Մարտի 1-ի գործընթացը պետք է բացահայտվի։ Բոլոր կողմերի բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

12։39

Արամ Օրբելյան․ Ամենազավեշտալին այն է, որ մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը։ 

Հանցագործության հանցակազմի էլեմենտը մինչև վերջ չեմ հասկանում։ «Մեղադրվում է զորք մտցնելու համար, արտակարգ դրություն հայտարարելու համար»։

Հստակ արարք, որ գնահատենք, դա իրենից ներկայացնում է հանցագործություն, թե ոչ, չկա։

Ակնհայտորեն գործը բավարար ուսումնասիրված չէ։ 

12։34

Արամ Օրբելյան․ Պարզ չէ դատարանի՝ կալանավորելու որոշման հապճեպությունը։ Եթե խնդիր կար, որ Քոչարյանը կարող է թաքնվել կամ երկրից հեռանալ, ապա կարելի էր միանգամից ձերբակալել։ Բայց նման կասկածներ չկային։

12։24

Ռուբեն Սահակյան․ Սա պատվեր է, որը պետք է կատարվի։ Ո՞ւմ կողմից է պատվերը, չեմ կարող ասել։ Թեև իմ մտքում ենթադրել կարող եմ։

Սահակյանը նշեց, որ ՀՀ-ում չկա քննչական ապարատ։ 

12։19

Ռուբեն Սահակյանը նշեց, որ Քոչարյանի փաստաբաններին հանձնել են 130 էջից բաղկացած փաստաթղթեր և բավարար ժամանակ չեն տվել ծանոթանալու այդ թղթերին և պատշաճ կազմակերպելու պաշտպանությունը։ Դատարանը մերժել է փաստաբանների խնդրանքը՝ տրամադրելու ողջամիտ ժամկետ։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրինք։

Քննչական խումբը որոշում բերեց՝ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ 

12։06

Ռուբեն Սահակյան․ Մենք խոսում ենք ոչ թե Քոչարյանի քրեական գործի մասին, այլ այն ամբողջ գործի մասին, որն ունի մի համար։ Խոսքը Մարտի 1-ի գործի մասին է։ 

ՄԵզ համար որպես ելակետ է հանդիսանալու է հուլիսի 3-ի ՀՔԾ-ի հաղորդագրությունը։ Թողնում եմ ձեզ որոշելու այդ հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը բովանդակային առումով նման են, թե ոչ։

Գործ է հարուցվել մի հանցակազմով, որպես վկա հրավիրվել է և միանգամից մեղադրանք է առաջադրվել։

12։03

Վիկտոր Սողոմոնյան․ Սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է։ Վենդետա է։ Սա որևէ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ։ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որ հարուցվել է, որևէ կապ չունի ՀՀ օրեննքերի հետ։