Բաղանիս․ զարգացնելով պարն ու սպորտը

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում մարզական կյանքը զարգանում է: Մոտ մեկ ամիս առաջ «Արմֆայթինգի» ֆեդերացիան մասնաճյուղ է բացել Բաղանիսում: Շուրջ 30 երեխա Բաղանիսից և հարևան գյուղերից հաճախում են խմբակ: Պարապմունքները անցկացվում էին Բաղանիսի մանկապարտեզի հին շենքում:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ շենքում չկար որևէ պայման, և ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանը, որը դեռ 2013-ից պարբերաբար աջակցել է գյուղին, մանկապարտեզի հին շենքում մարզադահլիճի կառուցումն ու մարզագույքի ձեռք բերումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել։

«Աշխատանքները կավարտենք օգոստոսի 15-ին և գյուղը վերջապես կունենա մարզադպրոց»,- ասաց Նարեկ Սահակյանը: Գնվելու է շուրջ 800 դոլարի գույք, վերանորոգման արժեքը 2500 դոլար է։

Սահակյանի խոսքով՝ գյուղում մոտ 1,5 ամիս է, ինչ պարի խմբակ է գործում: Պարապմունքները անցկացվում էին գյուղապետարանի սենյակներից մեկում: Նոր մարզադահլիճի բացումից հետո պարապմունքները կարող են անցկացվել այնտեղ։