Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ռուսաստանի արտժգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Լավրովը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և նոր իշխանությունների կողմից քաղաքական նախորդներին հետապնդելու համար։
Արմինֆո գործակալության հարցին ի պատասխան՝ Բալայանն ասել է․
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։
Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»։