Մի քարի պատմություն

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Հունիսի 28-ին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես է մի երիտասարդ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կռանով քարե սալ ջարդում: Ավելի ուշ պարզվեց, որ քարը ղարաբաղյան պատերազմի տարիներին Աղդամի պաշտպանական շրջանի հրամանատար, Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովին նվիրված սալաքարն է, որը տեղափոխել են Ստեփանակերտ ու ջարդել:

Ալլահվերդի Բաղիրովի մասին հայ հասարակությունը մասնավորապես գիտի իր ընկերոջ՝ 1991թ. արցախյան պատերազմի տարիներին Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, Արցախի հերոս, ԱՀ «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանակիր Վիտալի Բալասանյանի հետ հարցազրույցներից ու ֆեյսբուքյան գրառումներից:

Բալասանյանն աղդամեցի Բաղիրովին, ում հետ ծանոթ էր նաև մինչ պատերազմը, ներկայացնում էր միայն դրական լույսի ներքո. «Պատահել է, որ մեր տղաները վիրավորվել ու հայտնվել են իրենց կողմում, կապավորս տեղեկացրել է ինձ այդ մասին, ես կապ եմ հաստատել Ալլահվերդիի հետ, ու նա միանգամից վերադարձրել է մեր վիրավորներին, չի թողել բանը հասնի նրան, որ մեր մարդկանց սպանեն… Մեր ծանոթությունն ու շփումը, միանշանակ, օգուտ է բերել և՛ ինձ, և՛ իրեն: Հարյուրավոր հարցեր ենք լուծել այդ օրերին: Չեմ ուզում ասել «պատանդներ», բայց այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով անցած էին լինում հակառակորդի տարածք, առանց խնդրի կարողանում էի հետ բերել»:

Ալլահվերդի Բաղիրովը զոհվել է 1992-ին ու թաղվել Աղդամում: Իսկ գերեզմանաքարը, ինչպես իր ֆեյսբուքյան էջում է գրել, տեղադրել է Բաղիրովի մեկ այլ ընկեր՝ ստեփանակերտցի նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Պետրոսյանը (Ալլահվերի Բաղիրովը նույնպես ֆուտբոլիստ էր): Մինչ օրս պահպանվել էր նրա գերեզմանաքարը, Պետրոսյանի խոսքերով՝ ֆուտբոլային ընկերների հետ որոշել էր թարմացնել շիրիմը: Սա այն քարն էր, որ ջարդեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի վրա փորագրված էր հետևյալը․ Ալլահվերդի Թեյմուր օղլի Բագիրով, 1974-1992: Ազդականչը՝ Գոջա Գարտալ (ադրբեջաներենից՝ Ծեր Արծիվ): Նա իսկական ընկեր էր: Ռազմիկ Պետրոսյանից ու իր ընկերներից:

Փոր­ձե­ցի Ալ­լահ­վեր­դի ­Բա­ղի­րո­վի «ֆուտ­բո­լա­յի­ն» ըն­կեր ­Ռազ­միկ ­Պետ­րոս­յա­նից պար­զել, թե ով­քեր կա­րող են լի­նել իր նոր թար­մաց­րած, ինչ­պես ինքն է ա­սում, գե­րեզ­մա­նա­քա­րի ցու­ցադ­րա­բար ոչն­չաց­նող­նե­րը: «Ինչ-որ մար­դիկ խմբե­րի են բա­ժան­վել ու ա­տե­լութ­յուն են սեր­մա­նում, հի­մա չեմ ցան­կա­նում ար­տա­հայտ­վել, երբ ա­տե­լութ­յան մթնո­լոր­տը թու­լա­նա, ան­պայ­ման կա­սե­մ»,- ա­սում է ­Ռազ­միկ ­Պետ­րոս­յանն ու ա­վե­լաց­նում, որ հի­մա վտան­գա­վոր տա­րի­ներ են՝ նկա­տի ու­նե­նա­լով իր հաս­ցեին հնչող վի­րա­վո­րանք­նե­րը:

«­Նաև մեր ջարդ­վող խաչ­քա­րե­րի ֆո­նին աշ­խար­հին ու­զում էի ներ­կա­յաց­նել, որ մենք հար­գում, հան­դուր­ժում ու պահ­պա­նում ենք հա­կա­ռա­կոր­դի հու­շար­ձան­նե­րը»,- ա­սում է Ս­տե­փա­նա­կեր­տի «­Ղա­րա­բաղ» թի­մի նախ­կին ֆուտ­բո­լիստն ու մար­զի­չը:

Ֆեյսբուքում նաև շատ էր մեկնաբանվում այս միջապեդի քաղաքական թիրախավորվածությունը: Շոշափվում էր Արցախի պատգամավոր, ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի անունը:

Խանումյանը վերջերս Ալլահվերդիի ու նրա ընկերների մասին ֆիլմ էր պատրաստում։

«Նրա գերեզմանաքարի նկարը տարիներ շարունակ «պտտվում» էր համացանցում: Մարդիկ հետաքրքրվում էին, թե ով է տեղադրել այն, մի ադրբեջանցի լրագրող հարցրեց ինձ՝ արդյոք Ալլահվերդու ընկեր Վիտալի Բալասանյա՞նն է տեղադրել: Պարզվեց՝ ոչ, այդ քարը տեղադրել է Ալլահվերդու ֆուտբոլային մարզընկեր Ռազմիկ Պետրոսյանը,- պատմում է Խանումյանը,- սակայն Ռազմիկ Պետրոսյանը վերջերս որոշել էր ընկերների հետ նոր գերեզմանաքար տեղադրել ու ավելացնել, որ իր ու ընկերների անունից է»:

Խանումյանն ավելացնում է, որ սկզբիցևեթ Ռազմիկ Պետրոսյանը մտահոգություն ուներ, թե արդյո՞ք կարող են սխալ հասկանալ ու որևէ ագրեսիայի դրսևորում լինի. «Ասացի՝ դժվար, քանի որ 94 թվականից գերեզման կա: Բայց Ռազմիկի խնդրանքով էն ժամանակվա ԱԱԾ-ի տնօրեն Արշավիր Ղարամյանի հետ կապվեցի ու պատմեցի Ռազմիկ Պետրոսյանի մտադրության ու մեր ֆիլմի նկարահանման մասին: Ինչին ի պատասխան Ղարամյանն ասաց, որ խնդիր չի տեսնում»:

Նաև խոսակցություններ են շրջանառվում, որ Հայկ Խանումյանը գերեզմանաքարի բացման արարողությանն է մասնակցել։ Նա հերքում է. «Ընդամենը ես ճշտել եմ Արցախի իշխանությունների կարծիքը երևույթի վերաբերյալ: Իսկ մեր պրոյեկտի նկարահանող խումբը պարզապես ֆիքսել է Ռազմիկի այցելությունը ընկերոջ գերեզման»:

Իսկ թե ով է ջարդել քարը ու ինչ նպատակով են դա արել, Խանումյանը դեռ չի ասում. «Հիմա հետևում եմ ինֆորմացիոն հոսքին ու հարձակումներին և սպասում եմ դրանց վերջնակետին: Շուտով հանդես կգամ հայտարարությամբ ու անուն առ անուն կթվեմ, թե ովքեր են անում, ում կողմնակիցները և ինչ նպատակով: Միայն ասեմ, որ Ռազմիկն ասպետական քայլ է արել իր ընկերոջ նկատմամբ»:

Նաև Վիտալի Բալասանյանի հետ փորձեցի կապվել ու հարցնել, թե նա ինչ է մտածում իր ընկերոջը նվիրված քարի հրապարակային ոչնչացման մասին, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չկար:

Կապվեցի նաև ԼՂՀ Դատախազության հետ: «Այդ կապակցությամբ նյութեր չկան հավաքված ու ստուգումներ չեն իրականացվում»,- ասաց Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը:

Հետաքրիր էր իմանալ արձակուրդում գտնվող ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանին փոխարինող ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանի կարծիքը: Նա ասաց, որ պիտի ավելի խորությամբ ծանոթանա դեպքին ու դրա իրավական կոնտեքստին. «Հետևում ենք հրապարակումներին, բայց քանի որ ոչ ստանդարտ իրավիճակ է իրավունքների մասով, պետք է հասկանալ առկա բոլոր իրավաչափ շահերը: Ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից, քանի դեռ ՄԻՊ-ը չի վերադարձել արձակուրդից և համակողմանի չենք քննարկել հարցը։ Հարկ համարելու դեպքում, ՄԻՊ-ը կներկայացնի մեր հաստատության դիրքորոշումը»:

Հուլիսի 28-ին «Հանուն Հայրենիքի» հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր մի տեսանյութ, թե ինչպես է մի երիտասարդ ցույց տալիս Բաղիրովի տապանաքարը ու պատմում դրա անհարիրության մասին, որ հային սազական չէ Ադրբեջանի հերոսի հուշարձանը տեղադրել: Հենց նույն օրն էլ հուլիսի 28-ին Ստեփանակերտի գլխավոր հրապարակում ջարդվեց հուշարձանը:

«Հանուն Հայրենիքի» ՀԿ նախագահ Արթուր Օսիպյանն ասաց, որ ինքն է խոսում տեսանյութում, բայց որևէ առնչություն չունի տապանաքարի քանդման հետ, սակայն «երկու ձեռքով աջակցում է» նրանց:

Ինչ վերաբերում է պատվո վարքականոնին, որը ենթադրում է հարգանք հակառակորդի նկատմամբ, Արթուր Օսիպյանն ասաց, որ նաև պատվո վարքականոնի խնդիր էր մեզ համար այս ամենը, քանի որ մեր զինվորների սպանողի հուժարձանն են դնում:

Քրեական օրենսգրքի վերաբերյալ էլ հարցրի՝ արդյո՞ք չի կարելի այդ դեպքը դիտարկել որպես վանդալիզմի դրսևորում: «Ուզում եմ հակառակը հարցնել՝ ի՞նչ է նախատեսվում քրեական օրենսգիրքը Ադրբեջանի ազգային հերոսի հուշարձանի տեղադրողներին, պարզապես հետաքրքիր է: Հուշարձան տեղադրելու մեջ ես սրբապղծություն եմ տեսնում: Իսկ քանդելու մեջ վանդալիզմ չեմ տեսնում, մի հիմար տեղադրել է, ուրիշներն այն ուղղել են»:

Օսիպյանն ասաց, որ տեղյակ չէր, որ այդ վայրում 94 թվականից գերեզման կար. «Գտնում եմ, որ մեղ հողերում չպիտի թշնամու հուշարձան լինի՝ թե՛ հին, թե՛ նոր: Խոսքս ոչ թե գերեզմանների, այլ հուշարձանների մասին է: Իսկ տվյալ վայրում ես գերեզման չեմ տեսել, հուշարձանի տակ գերեզման չկար»:

Օսիպյանը հուշարձանի քանդման մեջ ներքաղաքական որևէ խարդավանք չի տեսնում:

Արցախի ինը ՀԿ-ներ, այդ թվում Արթուր Օսիպյանի գլխավորած «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը, համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է.

«Արցախում պետական ու հանրային հոգածության տակ են գտնվում մահմեդական հոգևոր նյութական արժեքները, այդ թվում Շուշիում և Ակնայում առ այսօր մնայուն մզկիթները, որոնց տարածքում կանգուն են ադրբեջանական գերեզմանաքարերը, աշխատանքներ են տարվում, մասնավորապես, Շուշիի պարսկական մզկիթի վերականգնման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք միանգամայն օրինաչափ ու տրամաբանական ենք համարում, որ մեր մի խումբ հայրենասեր երիտասարդներ, որոնցից շատերի հարազատները նահատակվել են Ազատամարտում, ի պատասխան ջարդել են այդ տխրահռչակ հուշաքարը: Անկասկած, նրանց այդ վարմունքը զուտ արժանապատվության և ինքնասիրության արտահայտություն էր։ Եթե հարևան երկրում չկա հայ ժողովրդի նկատմամբ հանդուրժողականության որևէ նշույլ, ապա ինչ խոսք կարող է լինել մեր կողմից նույն այդ հանդուրժողականության դրսևորման մասին»:

Մեկնաբանել