Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է, թե ինչու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել որպես վկա, բայց հարցաքննել մեղադրյալի կարգավիճակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՔԾ պետը պարզաբանել է, որ դա կապված է եղել նոր ապացույցներ ձեռք բերելու հետ, որոնց պարագայում հարցաքննության կանչվածի իրավունքների խախտում կլիներ, եթե նա հարցաքննվեր որպես վկա:
«Քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռք բերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն օր, ամեն ժամ, կուզեք ամեն վայրկյան: Անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների բավարար համակցություն, մեկ ժամ անց որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո վարույթ իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար»,- ասել է պաշտոնյան:
Հարցին ի պատասխան, թե ինչու մինչև հարցաքննության գնալը Ռոբերտ Քոչարյանին չի ծանուցվել այդ մասին, Սասուն Խաչատրյանն ասել է.
«Նման կարգ գոյություն չունի, այստեղ որևէ խախտում չկա: Անմիջապես, երբ պետք էր քննչական գործողություն կատարվեր, նրան ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, հակառակ դեպքում, եթե նա հարցաքննվեր որպես վկա, կլիներ խախտում»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հարցաքննության էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն, և նրան միանգամից առաջադրվել էր մեղադրանք 2008-ին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Հաջորդ օրը Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց։
Լուսանկարը՝ Արմենպրեսի