ՀՔԾ պետն ասել է, թե ինչու են Քոչարյանին միանգամից մեղադրանք առաջադրել

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է, թե ինչու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել որպես վկա, բայց հարցաքննել մեղադրյալի կարգավիճակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՔԾ պետը պարզաբանել է, որ դա կապված է եղել նոր ապացույցներ ձեռք բերելու հետ, որոնց պարագայում հարցաքննության կանչվածի իրավունքների խախտում կլիներ, եթե նա հարցաքննվեր որպես վկա:

«Քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռք բերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն օր, ամեն ժամ, կուզեք ամեն վայրկյան: Անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների բավարար համակցություն, մեկ ժամ անց որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո վարույթ իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար»,- ասել է պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե ինչու մինչև հարցաքննության գնալը Ռոբերտ Քոչարյանին չի ծանուցվել այդ մասին, Սասուն Խաչատրյանն ասել է.

«Նման կարգ գոյություն չունի, այստեղ որևէ խախտում չկա: Անմիջապես, երբ պետք էր քննչական գործողություն կատարվեր, նրան ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, հակառակ դեպքում, եթե նա հարցաքննվեր որպես վկա, կլիներ խախտում»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հարցաքննության էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն, և նրան միանգամից առաջադրվել էր մեղադրանք 2008-ին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Հաջորդ օրը Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց։  

Լուսանկարը՝ Արմենպրեսի