Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Հայաստանի ՊՆ և ԱԳ նախարարներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը օգոստոսի 2-ին Երևանում հանդիպել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

Ֆոմինը Հայաստան է ժամանել «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում՝ Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական, ինչպես նաև դաշնակցային հարաբերությունների խորացմանը:

«Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերին:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է Ալեքսանդր Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ալեքսանդր Ֆոմինը հանդիպում է ունեցել նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Մեկնաբանել