Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանից պատվիրած ռազմամթերքը և սպառազինությունն արտադրանքի մեջ է:

«Իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ կան որոշակի ներպետական գործառույթներ, որոնք իրականացվում են: $100 մլն-ի վարկը ընթացքի մեջ է և վարկի շրջանակներում կազմակերպված է արտադրություն: Կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել և չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը հերքել էր այն տեղեկությունը, թե Ռուսաստանը դադարեցնելու է զենքի մատակարարումը Հայաստանին:

Ռուսական Կոմերսանտ թերթը, նախօրեին վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանում քննարկում են 100 մլն դոլարի զենքի մատակարարումը Հայաստանին։