Ինչո՞ւ Քոչարյանը

Քարնեգի հիմնադրամի Մոսկվայի կենտրոնը հրապարակել է հայաստանցի քաղաքագետ Միքայել Զոլյանի հոդվածը Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին։ Հովդածը, որ վերնագրված է «Ինչո՞ւ Քոչարյանը։ Ինչ կա Հայաստանի նախկին նախագահի դեմ դատական հետապնդման հետևում», թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։

Ինչպես հաճախ է պատահում իրադարձություններին դրսից հետևելու դեպքում, հայաստանյան ներքին իրողությունները երկրորդ պլան են մղվում, և նրանք, ովքեր քննարկում են Քոչարյանի գործը Մոսկվայում (Կիևում, Թբիլիսիում և այլուր), իրականում խոսում են սեփականի մասին: Մինչդեռ Քոչարյանի գործը կապված է տեղական՝ հայկական առանձնահատկությունների հետ: Փաստն այն է, որ Մարտի 1-ի իրադարձությունները հայ հասարակության համար ծայրահեղ զգայուն ցավալի կետ են, և վաղ թե ուշ դրանց հետաքննությունը պետք է հանգեցներ ներքաղաքական ճգնաժամի:

Որքանով է Ռուսաստանի արձագանքը կապված բուն Քոչարյանի հետապնդումների հետ, դեռ դժվար է ասել: Սակայն պետք է հիշել, որ որպես նախագահ պաշտոնավարման ժամանակ Քոչարյանը հմտորեն ձևավորել էր ռուսամետ քաղաքական գործչի կերպար, չնայած գործնականում նրա արտաքին քաղաքականությունը քիչ էր տարբերվում իր հաջորդի՝ Սարգսյանից քաղաքականությունից: Քոչարյանի իշխանության ժամանակ է ձևակերպվել այսպես կոչված «կոմպլեմենտարիզմի» հայեցակարգը՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականության հայկական տարբերակը:

Մարտի 1 և աշխարհաքաղաքականություն

Քոչարյանի ձերբակալությունը այդքան մեծ ուշադրություն գրավեց, քանի որ շատ առումներով այն ընկալվում է որպես նախադեպ ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Այո, պետությունների նախկին ղեկավարների քրեական հետապնդման օրինակներ կան, հիշենք առնվազն Յանուկովիչին կամ Սաակաշվիլիին: Բայց առաջին անգամ է, որ նախկին նախագահը ձերբակալված է, և կա իրական հեռանկար, որ կդատապարտի է և պատիժ կկրի։

Բացի դրանից, կա՛մ Խաչատուրովի, կա՛մ որևէ այլ պատճառով, «Մարտի 1-ի գործը» կապվեց հայ-ռուսական հարաբերությունների հետ, և կարծես կարող է նոր կասկածների ալիք առաջացնել, որ Հայաստանը պատրաստվում է հետևել Վրաստանի և Ուկրաինայի օրինակին։ Ինչպես հաճախ է պատահում իրադարձություններին դրսից հետևելու դեպքում, հայաստանյան ներքին իրողությունները երկրորդ պլան են մղվում, և նրանք, ովքեր քննարկում են Քոչարյանի գործը Մոսկվայում (Կիևում, Թբիլիսիում, և այլուր), իրականում խոսում են սեփականի մասին:

Մինչդեռ Քոչարյանի գործը կապված է տեղական հայկական առանձնահատկությունների հետ: Փաստն այն է, որ Մարտի 1-ի իրադարձությունները հայ հասարակության համար ծայրահեղ զգայուն ցավալի կետ են, և վաղ թե ուշ դրանց հետաքննությունը պետք է հանգեցներ ներքաղաքական ճգնաժամի: Չնայած Մոսկվայի կասկածներին, այս ամենը ոչ մի կապ չունի ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների հետ, ո՛չ էլ Հայաստանի՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ-ի հանդեպ վերաբերմունքի հետ: Ավելին, կարիք չկա խոսել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու առասպելական ցանկության և նրա ենթադրյալ ծրագրերի մասին՝ ըստ որի, իբր, Հայաստանը մտադիր է փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի արևմտամետ ուղղություն:

Առաջին բանը, որ աչքի է ընկնում Քոչարյանի գործը այլ երկրների նախկին առաջնորդների հետ համեմատելիս, այն է, որ մեղադրանքը առաջադրվել է ոչ թե Սերժ Սարգսյանին, որը վերջերս է կորցրել իշխանությունը, այլ նրա նախորդին՝ Քոչարյանին: Ինքը՝ Սարգսյանը, առնվազն այժմ, ոչ միայն չի կանչվում դատարան, այլև շարունակում է ապրել կառավարական ամառանոցում՝ Փաշինյանի հարևանությամբ: Ավելին, Սարգսյանը շարունակում է զբաղեցնել Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը, չնայած մի շարք պատգամավորների հեռանալուն, շարունակում է խորհրդարանում մնալ ամենամեծ խմբակցությունը (թեև հիմա ձայների թվի առումով այն որոշիչ առավելություն չունի):

Իր ժամանակ Սարգսյանը հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի պաշտոնում, բայց որպես նախագահ՝ նա լիովին անկախ գործիչ էր: Քոչարյանը Սարգսյանի նախագահության ժամանակ գորշ կարդինալ չէր, նրանց միջև լուրջ տարաձայնություններ կային, և այդ տարիների ընթացքում Քոչարյանի քաղաքական ազդեցությունը աստիճանաբար նվազեց:

Ինչո՞ւ հենց Քոչարյանը հայտնվեց ճաղերի ետևում: Նրա կալանավորումից հետո խոսակցություններ եղան, որ նմանատիպ պահանջներ, այդ թվում`քրեական, կարելի է ներկայացնել Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներին: Ի վերջո, 2008-ի դեպքերը վերարտադրում էին 1990-ականների կեսերից Հայաստանում պարբերաբար կրկնվող սխեման. վիճելի ընտրություններ, ընդդիմության բողոքներ, ցույցերի ցրում:

Առաջին բանը, որ աչքի է ընկնում Քոչարյանի գործը այլ երկրների նախկին առաջնորդների հետ համեմատելիս, այն է, որ մեղադրանքը առաջադրվել է ոչ թե Սերժ Սարգսյանին, որը վերջերս է կորցրել իշխանությունը, այլ նրա նախորդին՝ Քոչարյանին: Ինքը՝ Սարգսյանը, առնվազն այժմ, ոչ միայն չի կանչվում դատարան, այլև շարունակում է ապրել կառավարական ամառանոցում՝ Փաշինյանի հարևանությամբ

Հետխորհրդային տարածքում նման դեպքերը սովորաբար անվանում են գունավոր հեղափոխություններ և կապում Արևելք – Արևմուտք առճակատման հետ: Այնուամենայնիվ, Հայաստանում նախագահական գրեթե բոլոր ընտրությունները հանգեցրել են բողոքի ցույցերի՝ սկսած հեռավոր 1996-ից, երբ «գունավոր հեղափոխություն» եզրույթը ինքնին դեռ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ, բողոքի ցույցերի դինամիկան գործնականում կախված չէր իշխանությունների և ընդդիմության գաղափարախոսական և աշխարհաքաղաքական նախասիրություններից:

Հաշվի առնելով այս բոլոր իրադարձությունները, նոր կառավարության որոշ քննադատներ հարցնում են՝ եթե Քոչարյանին պետք է դատել 2008-ի իրադարձություններում իր ունեցած դերի համար, ապա ինչու պատասխանատվության չենթարկել Տեր-Պետրոսյանին 1996 թ. բողոքի ցույցերի նմանատիպ ցրման համար, և Սարգսյանին՝ 2013 թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների համար։

Այնուամենայնիվ, տարբերությունն այն է, որ ո՛չ 1996թ․, ո՛չ էլ որևէ այլ դեպքում չկար 2008թ․ Հայաստանում գոյություն ունեցած բռնությունների աննախադեպ մակարդակը: «Մարտի 1» արտահայտությունը Հայաստանում ծանոթ է բոլորին և հնչում է, ինչպես 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի «արյունոտ կիրակին» կամ 1970-ականների Հյուսիսային Իռլանդիայի Bloody Sunday-ը։ Հենց Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները դանդաղ գործողության ռումբ դրեցին ոչ միայն Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի լեգիտիմության, այլ նաև ողջ «նախահեղափոխական» Հայաստանի քաղաքական համակարգի տակ: Եվ հենց Քոչարյանն է, ով հայ հանրության զգալի մասի կողմից ընկալվում է որպես «Մարտի 1 գործով» պատասխանատու անձ:

Ի՞նչ սպասել

Խորհրդանշական նման մեծ նշանակությունը, որ հայ հանրության համար ձեռք բերեցին 2008 թ. իրադարձությունները, ստիպում է նոր կառավարությանը փորձել «Մարտի 1-ի գործը» բերել իր տրամաբանական ավարտին: Հակառակ դեպքում նա կկորցնի իր ամենանվիրված կողմնակիցների աջակցությունը: Բացի այդ, այս գործը կօգնի վերջնականապես իշխանությունից հեռացնել հին էլիտաներին՝ ավարտելով 2018 թ. մայիսին սկիզբ առած գործընթացը։

Սակայն Քոչարյանը նույնպես չի պատրաստվում հանձնվել: Ի վերջո, չնայած բնակչության շրջանում ցածր վարկանիշին, նա շարունակում է մնալ Հայաստանի ամենաազդեցիկ և, ըստ լուրերի, ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա դեռևս հեղինակություն է վայելում նախկին իշխանության էլիտայի ներկայացուցիչների շրջանում, որտեղ շատերը հակադրում են «վճռական» Քոչարյանին «թույլ» Սարգսյանին, ով, իբր, չհամարձակվեց վճռական պահին ուժ գործադրել:

Միջին մակարդակի շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում, դատարաններում և այլուր, պետական համակարգ են մուտք գործել հենց Քոչարյանի ժամանակ, և, հավանաբար, շարունակում են պահպանել նրա նկատմամբ որոշակի հավատարմություն:

Այսպես թե այնպես, պետք չէ մոռանալ, որ մի բան է իրադարձությունների քաղաքական գնահատականը, մեկ այլ բան՝ իրավականը: Ինչ վերաբերում է առաջինին, ապա եթե ոչ ամբողջ հայ հանրության մեջ, ապա դրա առնվազն զգալի մասի մոտ, Քոչարյանի անունը սերտորեն կապված է Մարտի 1-ի հետ: Հետևաբար, քիչ հավանական է, որ Քոչարյանին հաջողվի վերադառնալ ակտիվ քաղաքականություն, իսկ ամեն մի քաղաքական ուժ, որը նրա հետ կասոցացվի, ամենայն հավանականությամբ, չի կարող ընտրություններում հաղթանակի հույս ունենալ:

Բայց իրավական հարթությունում ավելի բարդ է: Իրավապահ մարմինները դատարանում դեռ պետք է ապացուցեն իրենց մեղադրանքները, որ Քոչարյանի գործողությունները ապօրինի էին և իրենցից ներկայացնում էին հենց սահմանադրական կարգը տապալելու փորձ: Ընդ որում, ինչպես ցույց տվեց Մոսկվայի արձագանքը, Քոչարյանի գործը կարող է քաղաքական բարդություններ առաջացնել ոչ միայն Հայաստանի ներսում, որտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկվում է Փաշինյանի կառավարության կողմից, այլև միջազգային մակարդակով, ինչը շատ ավելի լուրջ է:

Նման միջադեպերի հետաքննությունը սպառնում է վերածվել գործընթացի Հայաստանի ամբողջ հետխորհրդային քաղաքական վերնախավի նկատմամբ, ինչը դժվար թե մտնում է նոր կառավարության ծրագրերի մեջ: Ի վերջո, նա պետք է կենտրոնանա խաղի նոր կանոնների, այլ ոչ թե հին հաշիվներ մաքրելու վրա: Հետևաբար, «անցումային արդարադատության» միջազգային փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, որը, հաշվի առնելով տեղական իրողությունները, կապահովի ոչ միայն անցյալի վիճահարույց իրադարձությունների մասին ճշմարտության հաստատումը, այլև կնպաստի հանրային հաշտեցմանը: Եվ միայն այդ մոդելի աշխատելու դեպքում Հայաստանը կարող է իսկապես դրական նախադեպ դառնալ հետխորհրդային այլ պետությունների համար, որոնց ժամանակակից պատմության մեջ բավարար են հանրությունը խորապես պառակտող իրադարձությունները։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել