Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվել է ևս մեկ հոգի՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։ Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Խոսելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին հարցաքննության կանչեու մասին, նա ասել է, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ թե սահմանադրական կարգը տապալելու, այլ Վիկիլիքսի մի հրապարակման հետ կապված մի գործով։
Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները 2008-ին բողոքարկել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Դատավորը բարձրաձայնել է այդ մասին, դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին։ Սերժ Սարգսյանի եղբոր միջոցով, որն այդ ժամանակ աշխատում էր նախագահի աշխատակազմում, ճնշում է գործադրվել Պողոսյանի նկատմամբ, որն ի վերջո չի մասնակցել նիստին։
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (արդարադատության իրականացմանը և քննոււթյան խոչընդոտելը): Նրա նկամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ այժմ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել երեք հոգու՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը կալանավորվել է; պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզման մեջ է; պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Սասուն Խաչատրյանը խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման մասին և նշել, որ դա բխում է գործի շահերից։ Խաչատրյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ այլ անձանց վրա ճնշումներ գործադրելով։
ՀՔԾ պետը նշել է, որ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ, նաև հրաժարվել է քննչական այլ գործողությունների մասնակցելուց, լքել է սենյակը։
Նախագահի անձեռնմխելիության հարցի մասին Խաչատրյանն ասել է, որ չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն։
Նա նշել է, որ երկրորդ նախագահին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործություն՝ իշխանության յուրացում։ Խաչատրյանի խոսքով՝ այս հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն այնքան բարձր է, որ Սահմանադրությամբ նախատեսված «նախագահի՝ կարգավիճակից բխող գործողություններ»-ի մասին խոսք լինել չի կարող։ «Սահմանադրության նորմերն էլ ունեն աստիճանակարգություն»,- ասել է նա։
«Կատարվել է սահմանադրական կարգի տապալում՝ զորքը օգտագործվել է ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով»,- ասել է նա։
Խաչատրյանը նշել է, որ արտակարգ դրության մասին իրավական ակտը ապօրինի էր։
0038 հրամանի մասին
ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը խոսել է նաև այսպես կոչված 0038 հրամանի մասին։ Թիվ 0038 հրամանը 2008թ․ փետրվարի 23-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրամանն է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։
Ինչպե՞ս է 0038 հրամանը հայտնի դարձել։
Խաչատրյանը նշել է, որ առաջին հիշատակումները այդ հրամանի մասին եղել են մամուլում, արտահոսք է եղել։
Նա ասել է, որ մեծ ծավալով կգաղտնազերծի այդ փաստաթուղթը, բայց ոչ ամբողջությամբ։
0038 հրամանը քրեական գործում չի եղել։ Այս հրամանի արտահոսքի համար ՊՆ երկու բարձրաստիճան պաշտոնյա դատապարտվել են։
«Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր առգրավել այդ հրամանը, ինչը մենք արել ենք»,- ասել է նա, որ 0038 հրամանը գործի մեջ հայտնվել է հուլիսին։
Նա նշել է, որ պաշտպանական կողմը նույնպես ունի այդ փաստաթուղթը։
«Պատահական չէ, որ այս հրամանը քրեական գործում չի եղել։ Միայն այս հրամանը քրեական գործի կուռ հիմք է։ Դա խոսում է, որ զինված ուժերը ներգրավվել են ներքաղաքական գործընթացում»,- ասել է Խաչատրյանը։
Հրամանում նշվում է, որ փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել է զորանոցային ռեժիմի։ Հրամանը ստորագրել է Միքայել Հարությունյանը։ Կատարումը դրվել է Յուրի Խաչատուրովի վրա։
Մինչ այժմ պաշտոնապես հերքվում էր, որ բանակը մասնակցել է ներքաղաքական գործընթացին։ Խաչատրյանը հիշեցրել է, որ պաշտոնապես հերքվում էր զորքի մասնակցությունը, ասում էին, որ զինվորական մեքենաները տրամադրվել էին ոստիկանությանը՝ որպես ժամանակավոր տրանսպորտային միջոց ոստիկանության ծառայողների համար։
Խաչատրյանը մեջբերում է արել հրամանի 3-րդ կետից, որ զինված ուժերին հրամայվել է կազմավորել բարձր շարժունակությամբ հավաքական ջոկատներ բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու համար։