Փաստաբանները պնդում են՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են

Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործով պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ երկուշաբթի բողոք է ներկայացնելու կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին փաստաբանները հայտարարեցին ճեպազրույցի ժամանակ:

Ալումյանը հերքեց այն տեղեկությունը, որ Քոչարյանի պաշտպանական կողմի վերաքննիչի բողոքն այսօր է քննվելու: 

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ անդրադառնալով Քոչարյանի անձեռնմխելիությանը, նշեց, որ իրենք չենք հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը բացարձակ է:

«Փորձ է արվում ցույց տալու, որ եթե անձը կատարել է հանցագործություն, հացագործությունը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիություն: Չի կարող նման բան գոյություն ունենալ, որովհետև անձեռնմխելիությունը կդառնա ուղղակի անիմաստ: Որովհետև եթե անձը հանցագործություն չի կատարել, ապա նրա անձեռնմխելիությունը պայմանավորված է մեկ այլ հոդվածով՝ անմեղության կանխավարկած, ոչ մեկ չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց մեղքի, և նման դեպքերում անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական  իմաստը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ անձը կատարել է որևէ հանցագործություն, բայց այդ հանցագործությունը տեղավորվում է պաշտոնական կարգավիճակի մեջ, գործողությունների մեջ, ապա նա պետք է ազատվի պատասխանատվությունից և նույնիսկ հետապնդումից»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանները եզրափակելով ճեպազրույցը նշեցին, որ կապի մեջ կլինեն լրագրողների հետ և պարբերաբար տեղեկություններ կտրամադրեն:

«Որևէ կասկած չունենք, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են նախագահ Քոչարյանին՝ անհիմն են, որևէ կասկած չունենք, որ նախագահ Քոչարյանն արդարացվելու է և հասարակությունը հասկանալու է, թե ինչպես են իրենց տարիներ շարունակ խաբել՝ հրամցնելով կեղծ փաստեր, տեղեկություններ»,- եզրափակեցին  փաստաբանները:

 ***

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 26-ին հայտարարեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով։ Միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Քոչարյանը իր նկատմամբ սկսված գործընթացն անվանել է քաղաքական հաշվեհարդար, վենդետա և նշել, որ պատրաստ է նստել և պայքարել իր իրավունքների համար։