Ներկեր, գրասենյակային կահույք և տեխնիկա․ ՏՄՊՊՀ-ն չի պարզաբանում ոչ նպատակային գնումները  

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արտակ Շաբոյանը, վերջին տարիներին անհասկանալի և ոչ նպատակային է ծախսել իրեն հսկիչ գնումների համար հատկացված միջոցները։ Հանձնաժողովը հսկիչ գնում կատարում է շուկայի ուսումնասիրության համար. օրինակ՝ բանանի շուկայում ուսումնասիրություն իրականացնելու համար, ՏՄՊՊՀ-ն հսկիչ գնման ընթացակարգով գնում է բանան՝ տվյալ ապրանքի գնի, որակի մասին տեղեկատվություն հավաքելու համար։ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հսկիչ գնումները, սակայն, կասկածներ են առաջացնում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է հանձնաժողովի նմանատիպ գնումները:

Կես տոննա ներկ՝ առանց որոշումների

ՍիվիլՆեթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՏՄՊՊՀ-ն 2016-ին կես տոննայից ավելի ներկ է գնել հսկիչ գնումների ընթացակարգով։ Պատասխանելով մեր հարցմանը՝ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել է, որ հսկիչ գնման ընթացակարգով 2016-ին ձեռք են բերել 1,4 միլիոն դրամի ներկ՝ լատեքսային և ակրիլային։

ՍիվիլՆեթի հաջորդ հարցումը, թե ինչն է առիթ հանդիսացել նման գնում իրականացնելու համար, հանձնաժողովը չի պարզաբանել։ ՏՄՊՊՀ կայքում որևէ տվյալ չկա այդ տարիներին ներկերի շուկայում իրականացված ուսումնասիրությունների, վարույթների կամ որոշումների մասին։ Հանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ ևս որևէ տեղեկություն չկա ներկերի շուկայում ուսումնասիրության մասին։

Համաձայն ՏՄՊՊՀ-ի թիվ 192 որոշման՝ եթե հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը որպես ապացույց այլևս ենթակա չէ օգտագործման, այն կարող է հանձնվել Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։ Այսպես, ՏՄՊՊՀ-ն երկու տարի տնօրինելով ներկերը՝ 2018-ի մայիսին՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների ամենաթեժ պահին, նշված կես տոննա ներկը հանձնել է բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։ Թե որ տնտեսվարողներից են ներկերը ձեռք բերվել՝ ՏՄՊՊՀ-ն չի տեղեկացրել, չի տեղեկացրել նաև, թե ինչ չափաքանակով են դրանք ձեռք բերվել։

Բարեգործական հանձնաժողովի՝ ՍիվիլՆեթին տրամադրած փաստաթղթից պարզ է դառնում, որ ՏՄՊՊՀ-ն ներկեր է ձեռք բերել խոշոր չափաքանակով։ Դրանք հիմնականում 15-26 կիլոգրամանոց տարաներով ներկեր են, թեև ՏՄՊՊՀ-ն անգամ ուումնասիրության ժամանակ կարող էր շատ ավելի քիչ չափաքանակով ձեռք բերել դրանք։ Կես տոննայից ավելի ներկ ՏՄՊՊՀ-ն արդեն հանձնել է Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։  ՏՄՊՊՀ-ի՝ ՍիվիլՆեթին տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ դեռ 41 տարա ներկ շարունակում է մնալ ՏՄՊՊՀ-ի տնօրինման տակ և դրանց մասով փորձաքննություն է իրականացվում։ 2016-ին Հանձնաժողովին հսկիչ գնումներ իրականացնելու համար տրամադրվել է 1,6 միլիոն դրամ, որից 1,4 միլիոնը ծախսվել է ներկեր ձեռք բերելու համար։

Գրասենյակային գույք՝ ՏՄՊՊՀ-ին

2015-ին ՏՄՊՊՀ-ի հսկիչ գնումներում ևս հետաքրքիր դրվագ կա։ Հանձնաժողովը երեք տնտեսվորղներից ձեռք է բերել 11 միավոր գրասենյակային գույք ու, ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն, դրանք գրանցվել են իրենց հաշվեկշռում։ ՏՄՊՊՀ-ն, սակայն, իրավասություն չունի հսկիչ գնմամբ որևէ ապրանքով համալրել իր հաշվեկշիռը։ Ըստ ՏՄՊՊՀ թիվ 192 որոշման՝ հանձնաժողովը կամ պետք է հանձնի նշված ապրանքը Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, կամ վերադարձնի տնտեսվարողին կամ երրորդ դեպքում՝ ոչնչացնի։ Գրասենյակային գույքի դեպքում, սակայն, ՏՄՊՊՀ-ն այն պահել է իրեն։

ՏՄՊՊՀ-ի 2015-ի հաշվետվությունից կարելի է ենթադրել, որ նշված գրասենյակային գույքը ձեռք են բերել ԵՊՀ-ի անցկացրած գրասենյակային գույքի մրցույթն ուսումնասիրելու համար։ ՍիվիլՆեթը խնդրել էր տրամադրել գրասենյակային գույքի հաշվառման փաստաթղթերը։ ՏՄՊՊՀ-ն դրանք չի տրամադրել։

Վերահսկիչ պալատը ժամանակին 2016 թվականի զեկույցում ներառել էր գրասենյակային գույքի ձեռքբերման հարցը՝ նշելով, որ թեև պետբյուջեում ՏՄՊՊՀ-ին գրասենյակային կահույքի համար գումար նախատեսված չի եղել, սակայն հանձնաժողովը իր կարիքների համար հսկիչ գնմամբ նման գույք է ձեռք բերել։ Դատախազությունը նշված փաստի առթիվ ուսումնասիրություններ էր սկսել։

ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը, սակայն ՍիվիլՆեթին տեղեկացրել  է, որ իրենց կողմից խախտման որևէ փաստ չի հաստատվել և իրենց գործողությունները եղել են իրավաչափ։ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պատասխանելով ՍիվիլՆեթին, դարձյալ վկայակոչել է հանձնաժողովի 192-Ն որոշումը՝ նշելով, որ իրենք հաղորդում են ներկայացրել ՏՄՊՊՀ-ին՝ հատկացված միջոցները  նպատակային օգտագործելու մասին։ 2015-ին պետբյուջեից ՏՄՊՊՀ-ին հսկիչ գնում իրականացնելու համար տրամադրվել է 2,4 միլիոն դրամ, որից 2,2 միլիոնով հանձնաժողովը նշված գույքն է ձեռք բերել։

Էլեկտրական տեխնիկա՝ հսկիչ գնով

Սա դեռ ամենը չէ։ Հսկիչ գնման ընթացակարգով ՏՄՊՊՀ-ն 2017-ին ավելի քան 1,6 միլիոն դրամի էլեկտրական տեխնիկա է ձեռք բերել՝ պետբյուջեից իրեն հատկացված 2 միլիոն դրամի հիմնական մասն ուղղելով տեխնիկայի ձեռքբերմանը։ Այս դեպքում ևս հանձնաժողովի կայքում էլեկտրական տեխնիկայի շուկայում վարույթների ու որոշումների մասին տվյալներ չկան։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ ՍիվիլՆեթին տրամադրած տվյալների՝ 12 միավոր գնված տեխնիկան դարձյալ հանձնվել է Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։

Հանձնման-ընդունման ժամանակ, սակայն, երկու միավոր տեխնիկա «անհետացել է», քանի որ Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովից ստացված պատասխանում նշվում է, որ իրենք ստացել են միայն  10 միավոր տեխնիկա։ Ձեռքբերված տեխնիկայի մեջ են մտնում օդորակիչներ, փոշեկուլ, հեռախոս, ֆոտոխցիկ, սրճեփեր, տպիչ, հիշողության քարտ և թեյնիկ։

Ձեռքբերումների քանակը ու տարբեր ֆիրմաների արտադրանք լինելը վկայում է, որ հանձնաժողովը կոնկրետ մեկ ապրանքային շուկայում ուսումնասիրություն կատարելու համար չէ, որ ձեռք է բերել տեխնիկա։ ՏՄՊՊՀ-ն ՍիվիլՆեթին չի պատասխանել, թե ինչն է առիթ հանդիսացել կատարելու նման գնում։

Չնայած իրենց տրված լիազորությանը՝ ո՛չ ներկերի, ո՛չ գույքի ու ո՛չ էլ տեխնիկայի դեպքում ՏՄՊՊՀ-ն դրանք տնտեսվարողներին անհրաժեշտ գործողություններից հետո հետ չի հանձնել։ Հարցին, թե ըստ ամսաթվի՝ երբ են կատարվել հսկիչ գնումները, ՏՄՊՊՀ-ն չի պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ գնումները կատարվել են տարեվերջին, այլապես բյուջեից հատկացված միջոցները պետք է հետ վերադարձվեին բյուջե։

Մկրտիչ Կարապետյան