Շուռնուխ․ ինչպես է տեղի ունեցել բռնությունը

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ինը երիտասարդ, այդ թվում մի քանի ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) ակտիվիստներ, ենթարկվել են հարձակման, տեղեկացնում է Pink Armenia կազմակերպությունը: Բռնության այս դեպքը լայն արձագանք է ստացել հանրությունում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ ՍիվիլՆեթը հավաքել է թեմային առնչվող արձագանքները:

Pink Armenia կազմակերպության հայտարարություն տարածեց, որ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, ականատեսների հավաստմամբ, ավելի քան 30 մարդ հարձակվել է ինը ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել վերջիններիս, որի արդյունքում երկու հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած յոթ հոգու մարմնական վնասվածքները թեթև են։

Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը «Հայ Ձայն» կայքին հայտնել է, որ ինը հոգանոց խումբն ամեն կերպ փորձել է ուշադրություն գրավել ու աղմկել: Ըստ Արշակյանի` նրանց աղմուկից դժգոհ հարևանները դուրս են եկել փողոց, ու այնտեղ լեզվակռիվ ու քաշքշոց է սկսվել, նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:

Միջադեպի վերաբերյալ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:

Դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը, նշելով, որ Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս «համասեռամոլներ են»: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան: Կան բերման ենթարկվածներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադառնալով տեղի ունեցածին հայտնել է, որ դեպքի առթիվ պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվելու է օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել` դատապարտելով տեղի ունեցածը:

Ալինա Նիկողոսյան

Մեկնաբանել