ՏՄՊՊՀ-ն արձագանքել է ՍիվիլՆեթի հոդվածին, սակայն հարցերը դեռ բաց են

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանումներ է ներկայացրել ՍիվիլՆեթի «Ներկեր, գրասենյակային կահույք և տեխնիկա. ՏՄՊՊՀ-ն չի պարզաբանում ոչ նպատակային գնումները» վերնագրով հոդվածին։

ՍիվիլՆեթը պարզել էր, որ 2016-ին Հանձնաժողովը ավելի քան կես տոննա ներկ է ձեռք բերել հսկիչ գնումների ընթացակարգով։ Հսկիչ գնում կատարվում է ապրանքի գնի և որակի մասին տեղեկատվություն հավաքելու համար։ Սակայն այս նպատակով ձեռք բերված ներկի վերաբերյալ ՏՄՊՊՀ կայքում վարչական վարույթների ու որոշումների մասին որևէ տեղեկություն չկա։

Պարզաբանելով՝ ՏՄՊՊՀ-ն հայտնել է, որ Հանձնաժողովի կայքում վարույթ և որոշում չկա, քանի որ Հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել և խախտում չի հայտնաբերել։ Ուսումնասիրություն կատարվել է հեռուստաընկերությունների հրապարակումների հիման վրա։

ՍիվիլՆեթի հոդվածում տեղ գտած դիտարկմանը, թե ինչու են ուսումնասիրության համար ներկերը ձեռք բերվել 15-26 կիլոգրամանոց չափաքանակով, այլ ոչ թե ավելի փոքր չափերով, Հանձնաժողովը չի պատասխանել։ Նշենք, որ ձեռքբերված ներկը երկու տարի տնօրինելուց հետո ՏՄՊՊՀ-ն մայիսին հանձնել է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։ Ավելին՝ Հանձնաժողովն իր պարզաբանմամբ հստակեցրել է, որ ևս 340 կգ ու 203 լիտր ներկ ձեռք է բերել ու 2016-ի տարեվերջին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա տրամադրել է փորձաքննության։ Երկու տարի անց փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն չկա։

ՏՄՊՊՀ-ն իր պարզաբանմամբ անդրադարձել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի հետագա տնօրինմանը։ Հոդվածում նշվել էր, որ եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը, ապա, ըստ ՏՄՊՊՀ թիվ 192 որոշման, այն կա՛մ պետք է հանձնվի կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, կա՛մ վերադարձվի տնտեսվարողին, կա՛մ ոչնչացնի։ 2015-ին ՏՄՊՊՀ-ն, սակայն, հսկիչ գնմամբ ձեռք բերված 11 միավոր գրասնեյակային գույքով համալրել էր իր հաշվեկշիռը։

ՍիվիլՆեթին ուղարկված պարզաբանման մեջ ՏՄՊՊՀ-ն պնդում է, որ ուներ իրավունք նշված գույքով համալրել իր հաշվեկշիռը։ Հանձնաժողովը վկայակոչում է իր՝ 2011-ի մայիսի 25-ի որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությանը։ Նկատենք, որ ՏՄՊՊՀ կայքում տեղադրված համապատասխան որոշումը որևէ «ա» պարբերություն չունի, հետևաբար, ըստ կայքում տեղադրված որոշման, Հանձնաժողովն իրավունք չուներ նշված գույքն օգտագործել սեփական կարիքների համար։

ՍիվիլՆեթի հոդվածում անդրադարձ կար այն հարցին, որ 2017-ին Հանձնաժողվը հսկիչ գնման ընթացակարգով ձեռք է բերել 12 միավոր տեխնիկա՝ օդորակիչներ, սրճեփներ, տպիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, թեյնիկ, փոշեկուլ ու հիշողության քարտ։ Նշվել էր նաև, որ չնայած ձեռքբերմանը՝ ՏՄՊՊՀ կայքում վարույթների ու որոշումների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Այս տարվա մայիսի 18-ին Հանձնաժողովը 12 միավոր տեխնիկայից 10-ը հանձնել էր Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, իսկ երկու միավոր տեխնիկա հանձնման-ընդունման ժամանակ անհետացել էր։ ՏՄՊՊՀ-ն իր պարզաբանման մեջ ապատեղեկատվություն է որակում «անհետանալ» ձևակերպումը՝ տեղեկացնելով, որ այդ երկու միավոր տեխնիկան բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնվել է հունիսի 12-ին, կցվել է նաև հանձնման-ընդունման ակտը։

Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը, սակայն, հունիսի 12-ից մեկուկես ամիս անց ՍիվիլՆեթին պատասխանել է, որ իրենք ստացել են միայն 10 միավոր տեխնիկա։

ՏՄՊՊՀ-ն շարունակում է տեղեկատվություն չտրամադրել հսկիչ գնումների ամսաթվերի ու տնտեսվարողների վերաբերյալ։ Տեղեկատվություն չի տրամադրվում նաև, թե ինչն է առիթ հանդիսացել հսկիչ գնումներով ձեռք բերված որոշ այլ ապրանքների գնման համար։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը

Մեկնաբանել