Երևանում ապօրինի առևտուրը կանխելու վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել

Երևանի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացվել` մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ, այս մասին հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, համապատասխան բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերի տեղակալները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը նշել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել՝ ապօրինությունները կանխարգելելու համար:

Նրա խոսքով` կան առևտրի համար առանձնացված վայրեր, և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առևտուրը դրա համար չնախատեսված վայրերում: Առավել ևս, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն, կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների բացօթյա վաճառքը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնություն ցուցաբերել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները քաղաքային իշխանությունների և ոլորտի պատասխանատուների հետ պատրաստ են վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:

Մեկնաբանել