Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի․ Սաակաշվիլի

Ռուս-վրացական պատերազմի տասներորդ տարելիցի առթիվ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել ռուսական «Նովայա Գազետա» թերթին, որում արծարծել է նաև Հայաստանին առնչվող խնդիրներ։

«Մոսկվան ցանկանում է, որ Իվանիշվիլին [Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր – ՍիվիլՆեթ] ամբողջապես հեռանա ՆԱՏՕ-ից, ցանկանում է, որ շտապ բացվի աբխազական երկաթուղին, քանի որ Երևանը շատ արագ դուրս է գալիս իր ազդեցության գոտուց, և դրա վերաբերյալ ինչ-որ բան է պետք անել։ Այսինքն՝ Պուտինը ցանկանում է, որ Իվանիշվիլին սիրահետումից անցնի ուղղակի քնքշանքի և ընկնի իր գիրկը»,- ասել է Սաակաշվիլին։

Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ Սաակաշվիլին ասել է, որ Մոսկվան ցանկանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին Հայաստանում է, որ «ահա թուրքերը կգան և ձեզ բոլորիդ կմորթեն»։

«Ու եթե Հայաստանի դեպքում դա պատմական հիմք ունի, և հայերն ունեն որոշակի մտավախություններ, որոնք, ըստ նրանց, արդարացված կարող են համարվել, ապա Աբխազիայում 1990-ականների պատերազմը քաղաքացիական էր։ Եվ այնտեղ հիմնականում կռվում էին վրացիները ուրիշ վրացիների դեմ, իսկ աբխազները երկրորդական դեր էին խաղում»,- ասել է Սաակաշվիլին։

«Կովկասը արագ փոխվում է։ Նայեք Հայաստանին։ Բացարձակ վերահսկողություն չկա [Ռուսաստանի կողմից – ՍիվիլՆեթ], իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական պրոպագանդան ի վիճակի չեն ժողովրդին հետ պահել իր կամարտահայտությունից։ Թեև վախենում եմ, որ Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի։ Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնի։ Այն, որ Փաշինյանը նրան դուր չի գալիս, հասկանալի է։ Թեև Փաշինյանը ամեն կերպ փորձում է նրան գոհացնել։ Սակայն նրան անհնար է գոհացնել»,- ասել է Սաակաշվիլին։

Մեկնաբանել