Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նա նշել է, որ օգոստոսի 10-ին ժամը 12:00-ին կվերսկսվի գործի քննությունը;

Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր ամբողջ օրվա ընթացքում նիստ էր անցկացնում։

Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել հուլիսի 26-ին։

Քոչարյանը իր նկատմամբ սկսված գործընթացն անվանել է քաղաքական հաշվեհարդար։

«Սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին։ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին էլ մեղադրանք է առաջադրվել արդարդատությանը խոչընդոտելու հոդվածով:

Մեկնաբանել