Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ, այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը:
Ըստ հաղորդագրության` Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին:
«Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ»,- ասվում է հաղորդագրությունում:
Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաև կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում: Միջադեպի սկզբնական պահից սկսած Ոստիկանությունը Պաշտպանի աշխատակազմի հետ ապահովում է անհրաժեշտ համագործակցություն: