Նավը ծովում կամ նոր քրեական գործ Լևոն Սարգսյանի դեմ

Այվազովսկու կտավի նվիրաբերումը Սերժ Սարգսյանին, 17․02․2017։ Հաղորդագրությունը ՀՀ նախագահի կայքից ջնջվել է։Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված «Փյունիկ» հիմնադրամը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՍիվիլՆեթի ձեռքի տակ հայտնված տվյալների համաձայն՝ հիմնադրամի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու հատկանիշներով։

Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է, որին անդրադարձել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Փյունիկ» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և նրան կտավ նվիրելու մասին, ապա ստիպված էր եղել ջնջել այն։

Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։

Քննչական կոմիտեում քննվող գործում ևս նշվում է 2011-ին «Ռուսկոյե Զոլոտո» կորպորացիայի տնօրեն Ալեքսանդր Տարանցևի բնակարանից նշված կտավի գողության փաստը։ Ընթանում է նախաքննություն։

«Փյունիկ» հիմնադրամը երկու ամիս առաջ հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։

«Փյունիկ» հիմնադրամի հիմնադիր Լևոն Սարգսյանն անցնում է քրեական մեկ այլ գործով, որով նա մեղադրվում է ապօրինի հարստացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել