Պուտինն ու Նազարբաևը խնդրաբնույթ են համարել Խաչատուրովի շուրջ իրավիճակը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակի հարցը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նազարբաև-Պուտին հանդիպումը կայացել է ղազախական Աքթաու քաղաքում, որտեղ այսօր Կասպյան ավազանի երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը ստորագրել են Կասպից ծովի միջազգային իրավական կարգավիճակի մասին փաստաթուղթ։

«Բոլոր այն թեմաներից, որոնք պետք է քննարկել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որ դարձել է խնդրահարույց»,- ասել է Նազարբաևը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակում, ԵվրԱզԷս-ի շրջանակում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ օրակարգ կա,- արձագանքել է Պուտինը։- Կան նաև խնդրաբնույթ հարցեր, որոնց մասին դուք նոր նշեցիք»։

Հուլիսի 26-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Խաչատուրովը, որ 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալն էր, մեղադրվում է 2008-ի փետրվարի 19-ի ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հատուկ քննչական ծառայությունը նույն մեղադրանքն է առաջադրել նաև այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզման մեջ է, ինչպես նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը կալանավորվել է երկու ամսով։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս մեղադրանքների առաջադրումից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննադատելով Հայաստանի իշխանություններին քաղաքական նախորդներին հետանդելու համար։

Մեկնաբանել