Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի բացահայտմանը. Արամ Մանուկյան (խմբագրված)

Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի բացահայտմանը, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը:

«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն և նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասել է Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով` իրենք տասը տարում հավաքել են այն բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին:

«Տաըս տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել»,- նշել է Արամ Մանուկյանը:

Ուղղումը

Նյութի նախորդ տարբերակում նշված էր, որ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայություն տալ Մարտի 1-ի գործով, մինչդեռ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել գործի բացահայտմանը։