Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը, վերացրել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը․ այս մասին հայտարարել է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկել էին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունը մեկնարկել էր օգոստոսի 9-ին, շարունակվել օգոստոսի 10-ին:

Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել հուլիսի 26-ին։

Քոչարյանը իր նկատմամբ սկսված գործընթացն անվանել է քաղաքական հաշվեհարդար։

«Սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին։ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանին էլ մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով:

Մեկնաբանել