Վերաքննիչը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո օգոստոսի 13-ին ազատ արձակվեց։ Նրան կալանավորելու որոշումը կայացրել էր առաջին ատյանի դատարանը՝ հուլիսի 27-ին, սակայն վերաքննիչ ատյանը այդ որոշումը վերացրեց։

Վերաքննիչ քրեական դատարանից դուրս գալով՝ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարեց պաշտպանական բողոքը․ «Այսպիսով դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»,- մանրամասնեց փաստաբանը։

Պաշտպանական կողմը մինչ այդ հանդես էր եկել երկու միջնորդությամբ․ դատարանից խնդրել էր վերացնել կալանքի որոշումը և Քոչարյանին ազատ արձակել, հակառակ պարագայում կիրառել գրավ։

Հանրապետության նախագահի անձեռնմխելիության իրավունքն ամրագրված է ինչպես 2005-ի, այնպես էլ 2015-ի փոփոխություններով Սահամանադրությունում։ Այն ազդարարարում է, որ հանրապետության Նախագահն անձեռնմխելի է և իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ավելի վաղ մեկնաբանալով Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը, նշել էր, որ պատշաճ վարքագծի ամենակարևոր բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է․ «Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է այս պահին, որպեսզի մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել»:

Փաստաբան Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի անձեռմխելիության ինստիտուտին, նշել էր, որ Սահմանադրությամբ չի կարող տրամադրվել անձեռնմխելիություն Սահմանադրության նախատեսված կարգը ոչնչացնելու համար․ «Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունների դեպքում այդ անձեռնմխելիությունը չի կարող գործել, հակառակ դեպքում ստացվում է, որ Սահմանադրությունն ինքն իրեն ոչնչացնող ակտ է»։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Քոչարյանն այս մեղադրանքը համարել է ապօրինի։  

Գևորգ Թոսունյան