Ռոբերտ Քոչարյանը այսպես թե այնպես կհրապարակի իր տեսակետները. գրասենյակ

Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարարություն է տարածել այսօր նախատեսված ասուլիսի տապալման վերաբերյալ։ Քոչարյանի՝ ժամը 12։00-ին «Էրեբունի Պլազա» հյուրանոցում նախատեսված ասուլիսը տապալվեց, քանի որ ակտիվիստները ներխուժեցին սրահ և թույլ չտվեցին, որ այն կայանա։

«Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիներից մեկը` մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրէ ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջանհանգստությունների առիթ են հանդիսանում»,- ասված է Քոչարյանի գրասենյակի հայտարարությունում:   

Այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցում մամուլի ասուլիս էր հրավիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն միջոցառումը չկայացավ, քանի որ Քոչարյանի դեմ հանդես եկող ակտիվիստները մինչև ասուլիսն սկսելը մտան սրահ և տապալեցին ասուլիսը։ Ինքը՝ Քոչարյանը, չեկավ սրահ և հեռացավ հյուրանոցի շենքից։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 27-ին։ Հատուկ քննչական ծառայությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել 2008–ի փետրվարի ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Վերաքննիչ դատարանը, ըստ Քոչարյանի փաստաբանների, իր որոշման մեջ հիմնվել է Սահմանադրությամբ նախատեսված նախագահի՝ իր լիազորություններն իրականացնելու շրջանակում անձեռնմխելիության դրույթից։