Կառավարությունը որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Համապատասխան որոշմամբ՝ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հանրապետության ոստիկանությանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն Երևանի արտահերթ ընտրությունների օրը կնշանակի որոշման հրապարակումից 30-40-օրյա ժամկետում:

«Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են: Հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ անելիք ունեն իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ գործելու ժամանակը: