Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել գործին․ ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կանչվելու է հարցաքննության 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։

«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին։ Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- ասել է ՀՔԾ պետը։

Վերաքննիչ քրեական դատարանը երկուշաբթի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ ճանաչելով նրա անձեռնմխելիությունը։ Սասուն Խաչատրյանը վերահաստատեց ՀՔԾ-ի հայտարարած դիրքրոշումը, որ դա «ապօրինի որոշում է»։

ՍիվիլՆեթի այն հարցին՝ եթե դատարանի որոշումը ստանա օրինական ուժ, ապա հնարավո՞ր է դա դառնա Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքի փլուզման հիմք, նա պատասխանեց․

«Ես խնդիր կտեսնեմ այդ դեպքում, եթե բարձրագույն դատական ատյանը գա նույն եզրակացության, որ սա իրականում անձեռնմխելիության հարց է, ու Ռոբերտ Քոչարյանը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, որն ունի բացարձակ անձեռնմխելիություն»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե դա «անհեթեթություն է, քանի որ անձը չի կարող ունենալ բացարձակ անձեռնմխելիություն իր պաշտոնի հետ կապված»։

Խաչատրյանն ասաց, որ դիտարկմամբ՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ էլ հարցը վերջնական չի լուծվի, եթե այն Վերքաննիչի որոշումը չբեկանի։ «Կարծում եմ՝ նաև Սահմանադրական դատարանի քննարկման առարկա կարող է լինել»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքից Ռոբերտ Քոչարյանը չի կարող ունենալ անձեռնմխելիություն։

Սասուն Խաչատրյանը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով կայացրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը, պետք է ինքնաբացարկ ներկայացներ։ Խաչարյանն իր համոզմունքը պարզաբանեց այն փաստով, որ Ազարյանը մարտի 1-ի գործերով կայացրել է ինը մեղադրական վճիռ։

ՀՔԾ պետը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չէ մեղադրանք սպանություններ նախապատրաստելու կամ սպանություններ կազմակերպելու համար։

Մարտի 1-ի զինված խմբերի մասին

Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ի վարույթում է գտնվում 2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո Հայ ազգային կոնգրեսի կողմից փաստահավաք խմբին ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի՝ դեպքերին ներգրավված են եղել ապօրինի զինված խմբեր։

Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցը նվիրված էր հենց այդ խմբերին, այն տեղեկություններ էր պարունակում մարտմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ։ Ըստ նույն փաստաթղթի՝ այդ խմբերը կազմավորվել են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ։

ՍիվիլՆեթը հետաքրքրվեց Սասուն Խաչատրյանից, թե այդ ցանկում ընդգրկված անձինք, ինչպիսիք են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը և այլք, կանչվե՞լ են հարցաքննության։

«Մենք շատ խորացված ու մեծ ծավալի քննություն ենք իրականացնում՝ այդ վարկածների ուղղությամբ։ Բոլոր վարկածները ստուգվում են, խնդրում եմ մի ստիպեք ինձ բացահայտել, թե ում ենք հրավիրել կամ հրավիրելու»,- պատասխանեց Խաչատրյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՔԾ-ն «0038» հրամանից միտումնավոր հանում է «մանիպուլյատիվ կտորներն» ու հրապարակում՝ հասարակական տրամադրություններ ստեղծելով։ ԼԻՆԿ

Փաստաբանի այս դիտարկմանն անդրադառնալով՝ Սասուն Խաչատրյանն ասաց․ «Հրամանի գաղտնազերծման իրավունքը պատկանում է այն մարմնին, որն այն կայացրել է, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարարությանը։ Պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել հրամանը՝ ելնելով նաև երկրի անվտանգությունից։ Ինչ չափով, որ գաղտնազերծել են, այդ չափով էլ ներկայացրել ենք»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել