Օգոստոսի 17-ին մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը մի շարք փողոցներում, այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը:

«Հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի –Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում ու Զաքյան փողոցում՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Խորենացի փողոց»,- ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, ժամը 15-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։ Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից։

Ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներին հայտնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել