Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է մեղադրանքը․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը։ Քոչարյանն ասել է, որ համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն։ Օգոստոսի 13-ին Քոչարյանի հրավիրած մամուլի ասուլիսը տապալել էին նրա դեմ հանդես եկող ակտիվիստները։

Ստորև ներկայացված են «Երկիր Մեդիա»-ի հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած մտքերը։

Ի՞նչը պատճառ դարձավ, որ դատարանը Ձեզ ազատ արձակելու որոշում կայացնի

«Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է մեղադրանքը։ Սա այն դեպքը չէ, որ ասես մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է։ Ցավոք չեմ կարող խոսել ամբողջ գործի մասին, քանի որ կա նախաքննական գաղտնիք»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ իրեն ներկայացված են շինծու մեղադրանքներ։

«ՀՔԾ պետն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որ ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ»։

Քոչարյանն ասել է, որ պետք է հանել նախաքննության գաղտնիքը և հնարավորություն տալ պաշտպանվող կողմին խոսել ամբողջ գործի մասին բաց։

Ի՞նչը մղեց Ձեզ հայտարարել արտակարգ դրություն 2008-ի մարտի 1-ին

«Արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ՝ ոստիկանության կապիտան Համլետը, մի քանի տասնյակ մեքենա հրկիզված էին, բարիկադներ էին կառուցված, մոլոտովի կոկտեյլով հարձակվում էին։ Եվ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր դիտվել անգործություն Հանրապետության նախագահի կողմից։ Սահմանադրական կարգին ուղղակի սպառնալիք էր»։

«Լուծումը կարող էր լինել հետևյալը, եթե պարտված կողմը, որ հավաքել էր 21.5 տոկոս, չհայտարարեր, որ ինքը հաղթել է։ Տեղ չեն թողել նաև պայմանավորվելու»։

Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքում գտնված զենքերի մասին

«Իմ ամբողջ մեղադրականը «կարող է»-ի վրա է կառուցված։ Իրենց ուզած ձևով սպասելիքներ են ձևավորում ժողովրդի մոտ։ Սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին՝ կապված շատ զգայուն քրեական գործի հետ»։

Քոչարյանը հորդորում է, որ լրագրողները ստիպեն, որպեսզի նախաքննությունը բացվի։

․․․

– Ի՞նչ էիք ուզում ասել մամուլի ասուլիսին

– Այնքան բան կար ասելու։

․․․

Քոչարյանն ասել է՝ համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն։ Նա առանձնացրել է երկու հիմնական պատճառ, թե ինչու է վերադառնում քաղաքականություն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը և տնտեսությունը։

«Առաջին, ընդհանրապես վտանգները, որ այսօր տեսնում եմ, աշխարհաքաղաքական են։ Նայեք քարտեզին, տեսեք՝ ինչ երկրներով ենք շրջապատված։ Այսօր ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակին են Սառը պատերազմից ի վեր։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը։ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից, նոր պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել։

Թուրքիայի կեցվածքը։ Տասը տարի առաջ Թուրքիան այլ երկիր էր, ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, նա փորձում էր ցույց տալ, որ ժողովրդավարական երկիր է և այլն։ Այսօր Թուրքիան այդ պարտավորություններից դուրս է, ներխուժել է Սիրի․․․Վրաստանի ձգտումը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Քոչարյանը։

«Այս բոլորը կապեք իրար, ու տեսեք՝ ինչ ունենք մենք Հայաստանում։ Ունենք մի կառավարություն, որը չի հասկանում՝ ինչ է կատարվում, չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, անում է քայլեր, որ այն հավասարակշռությունը, որին Հայաստանը դժվարությամբ հասել է, խարխլվում է․․․ Փորձ չունեն, ես իրենց չեմ մեղադրում։ Որտեղի՞ց ունենան, երբ ՀԿ-ներում, Սորոսի ֆոնդերում են աշխատել։ Այս սպառանլիքը առաջին մղիչ ուժն էր ինձ համար քաղաքականություն վերադառնալու համար»։

Ռուսաստանի հետ հարաբերությունների և իր դեմ հարուցված գործի մասին

Ռուսաստանը քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական նախորդների հետապնդումը։ Քոչարյանը, լրագրողի դիտարկմանն ի պատասխան ասել է, որ չէր ցանկանա իր դեմ գործը կապել Ռուսաստանի հետ հարաբերություններին։

«Ռուսաստանը այն երկիրը չէ, որի հետ կարելի է այդ լեզվով խոսել։ Նա մեր ստրատեգիական գործընկերն է, որի հետ գործակցությունը շատ կարևոր է մեր անվտանգության համար»,- ասել է Քոչարյանը՝ հիշեցնելով վերջին դեպքը, երբ ստուգումներ իրականացվեցին Ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր Հարավկովկասյան երկաթուղում։

Խոսելով Ռուսաստանի հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ Հայաստանի գործընկերները պետք է ադապտացվեն նոր իրավիճակին, Քոչարյանն ասել է․

«Ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը․․․ Այն գինը, որ սովորաբար նման քայլերի համար տալիս են, շատ մեծ է»։

«Քո անձնական արժանապատվության դիմաց դու դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո կեղծ արժանապատվությունը դնում ես կշեռքի նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որոնք մենք վերահսկում ենք»։

Քոչարյանը նշեց, որ իր նշած աշխարհաքաղաքական բարդ վիճակն և տնտեսությունն են պատճառը վերադառնալու համար։

Հեղափոխության մասին

«Ես չեմ համարում, որ դա եղել է հեղափոխություն։ Որևէ հեղափոխության դեֆինիցիայի տակ դա չի տեղավորվում։ Իմ տպավորությամբ՝ դա անում են, որ եթե կա հեղափոխություն, ուրեմն կա հակահեղափոխություն, և պետք է պայքարենք հակահեղափոխության դեմ։ Ես տեսնում եմ, որ դաշտը փորձում են բաժանել սևի ու սպիտակի։ Դա հաշվարկ է, որով այլ կարծիք ունեցող մարդկանց հետապնդում են քաղաքական նպատակներով։ Եթե փաստաբաններիս վրա են հարձակվում, ինձ հնարավորություն չեն տալիս խոսել․․․»։

«Թող հանրահավաքում հավաքվի 100 հազար մարդ։ Դա բացարձակ մեծամասնություն չէ։ Եթե 100 հազարը մեծամասնություն է, ուրեմն Հայաստանում ամենաշատը պետք է լինի 190 հազար մարդ։ Այսօր կա մի զանգված, որը շատ ակտիվ և ագրեսիվ է, որ չի թողնում ուրիշներին խոսել։ Ես դիմում եմ այդ ուրիշ մարդկանց լինել ավելի համարձակ»։

Ղարաբաղի հարցի մասին

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը լիազորություն չունի Արցախի փոխարեն բանակցի։

«Չի կարող Հայաստանի առաջին դեմքը մի կողմ քաշվել և ասել ես չեմ բանակցելու Ղարաբաղի անունից։ Դա գալիս է անփորձությունից։ Ամենից վատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը»։

Հարցին, եթե պատրա՞ստ է Ղարաբաղի հարցով Փաշինյանի հետ խոսել, Քոչարյանն ասել է․ «Իհարկե պատրաստ եմ»։

Տնտեսական վիճակի և կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Քոչարյանը նշել է, որ իր՝ քաղաքականություն վերադառնալու երկրորդ պատճառը տնտեսական վիճակն է։

«Ես նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը շատ ակտիվ քննադատում էի․․․ Այսօր իմ ակտիվությունը կապված է նույն մոտիվացիայի հետ․․․ Այն ինչ տեսնում եմ տնտեսական ոլորտում։ Ավելի ճիշտ ոչ մի բան չեմ տեսնում, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն։ Չկա մի փաստաթուղթ, որից կարելի է եզրակացություն անել, թե ինչ է ուզում այս կառավարությունը տնտեսական քաղաքականությունում»։

«Պայքարը կոռուպցայի դեմ լավ է, բայց դա տնտեսական քաղաքականություն չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարը միայն մարդկանց բռնել-բաց թողնելը չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությունը։ Այսօր գներն աճել են, ժողովուրդն սկսել է ավելի վատ ապրել»։

«Ես մեծ հույս ունեմ, որ կծնվի տնտեսական քաղաքականություն։ Առանց դրա որևէ լուրջ ներդրում չի կարող լինել։ Ներդրողը պետք է հասկանա, թե պետությունը բիզնեսին ինչպես է վերաբերվում։ Իմ պաշտոնավարման և նախորդ տասը տարիների ընթացքում չի եղել դեպք, որ դիմակներով գան բիզնես ստուգելու»։

Խոսելով այն պնդումների մասին, որ ինքը մեծ հարստություն ունի, Քոչարյանն ասել է, որ թող հատ-հատ ստուգեն։

«Կարծում եմ, որ նրանք հիմա դա անում են և մեծ հիասթափություն են ապրում»։

․․․

Քոչարյանն ասել է, թե օգոստոսի 17-ի հանրահավքում իրեն փորձելու են հայտարարել հակահեղափոխության կենտրոն, ինչը բացարձակապես այդպես չէ։ «Մարդկանց պետք է զբաղեցնեն, նոր թիրախ տան, նոր ուժ հաղորդեն»։

«Մտավախություն չունե՞ք, որ դատատազությունը կարող է բողոքարկել իրեն կալանքից ազատելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը» հարցին պատասխանել է․

«Իհարկե ունեմ։ Պատրաստ եմ գնալ նորից մեկուսարանում նստել»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում գործը կտանի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Պատրաստ եմ պայքարել, լինելով բանտում, թե ազատության մեջ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանել