«Միշտ առաջ պիտի նայիս, ոչ թե հետ». սիրիահայ արհեստավորի պատմությունը

Սիրիայի քաղաքացիական պատերազմից փրկված և ընտանիքով Հայաստան ներգաղթած Ալեքսան Դակրմնջյանն արդեն հինգ տարի է՝ ապրում է Երևանում և հասցրել է սեփական բիզնեսը բացել։ Ասում է, որ իր հաջողության գրավականը լավատեսությունն էր, և այն, որ հետ չնայեց:

«Եթե հետ նայիս, ապագադ չես կրնա տեսնիլ»,- վստահ է նա:

Բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով` այսօր նա Երևանի արվարձաններից մեկում ավտոմեքենաների տեխսպասարկման և վերանորոգման կենտրոն է բացել, որը երեք տարվա ընթացքում կարողացել է լավ համբավ ձեռք բերել և բազմաթիվ հաճախորդների գրավել: Հայաստանում սիրիահայ արհեստավորները լավ անուն ունեն, շատերն են նախընտրում հենց նրանց դիմել՝ վստահաբար նշելով, որ սիրիահայերը լավ մասնագետներ են, ազնիվ և նվիրված աշխատողներ:

«Ինծի կսիրեն հաճախորդներս։ Մանավանդ, որ գիտեն սիրիահայ եմ, շատ ինծի կվստահեն ու կհարգեն, ես ալ շատ գոհ եմ իրենցմե: Շատ կսիրեմ Հայաստանը: Այս հինգը տարվա մեջ ոչ մեկը մեզի նեղություն չէ տված, հակառակը՝ բոլորը կօգնեն մեզի, լավ կվերաբերվին, կհարգին»,- ասում է մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ Ալեքսան Դակրմնջյանը։

Նա ասում է, որ Հայաստանում մարդիկ հյուրընկալ են ու սրտաբաց, ինչը իրեն գրավեց առաջին իսկ օրերից:

«Աշխատանքիս դիմաց մարդիկ միշտ կուզին ավել մը լավություն ինծի անել. կամ լավ խմիչք մը կբերին` որպես շնորհակալություն, կամ ուրիշ լավություն մը կուզին ընել, բայց ես ընդամենը իմ աշխատանքը կընեմ»,- ուրախությամբ պատմում է Ալեքսան Դակրմնջյանը:

Նա ասում է, որ փորձել է անցյալում թողնել 2012 թվականին իրենց հանդիպած բոլոր դժվարությունները` Հալեպում զինյալների կողմից ռմբակոծված տունն ու արհեստանոցը, Սիրիայից Թուրքիա հասնելու ճանապարհին զինյալների ահասարսուռ դեմքերն ու սպառնալիքները, կյանքի ու մահվան միջև տանջալի մտքերը: Ի վերջո, Հայաստան հասնելուց հետո կրկին բախվել է դժվարությունների, երբ ստիպված էր նույնիսկ մեկ տարով ընտանիքը Հայաստանում թողած, հեռանալ Հոլանդիա՝ աշխատանք գտնելու, քանի որ Հալեպում կորցնելով ողջ ունեցվածքը, հարկադրված էին ամեն ինչ զրոյից սկսել:

«Հալէպեն Հայաստան հասնելիս, ճիշտ է, շատ դժվարություններ տեսանք, բայց հասկցանք, որ աս է մեր տունը,- ասում է նա: – Հայաստանեն լավ տեղ չիկա, ես շատ երկրներ ման եկած եմ, բայց հոս ապահով է ու անվտանգ, և մեր կյանքը սկսվեց նոր էջեն»:

Հոլանդիայից վերադառնալուց հետո նա որոշում է իր սեփական բիզնեսը ստեղծել ու Հայաստանում հաջողությունը վերջապես ժպտում է նրան։ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության դրամաշնորհի միջոցով նա բացում է իր արհեստանոցը:

«Գործիքներ առա, տարածք վարձակալեցի ու սկսա աշխատցնել»,- ոգևորված պատմում է նա:

Պատերազմ տեսած, կորուստներ ունեցած Ալեքսան Դեկրմնջյանն ապագայի հետ մեծ հույսեր է կապում և ցանկություն ունի միայն մնալ Հայաստանում։

«Ամեն մարդ իր տեսակով հաջողություն մը կունենա։ Իմ գործը հոս լավ է ու գնալով պետք է լավ ըլլա։ Ճիշտ է, մենք պատերազմի պատճառով լքած ենք մեր տունը, բայց երկիր մը որ պիտ էրթաս, դուն ատեն պիտի հարմարվիս, դուն քեզ պիտի համոզես այդ մտքին, որ հանգիստ ապրիս, էլ խելքդ ու միտքդ չպետք է անցյալում թողնիս, թե դուն Սիրիա ինչպես կապրեիր։ Ատիկա լմնցավ, պրծավ, դուն նորեն պիտի նայիս, նոր հաջողություններ փնտրես, նոր գործ փնտրես, հասկնաս ոնց զավակներիդ իրենց նպատակին հասցնես։ Միշտ առաջ պիտի նայիս, ոչ թե հետ»:

Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ի Միգրացիոն գործակալության աջակցությամբ։

Մեկնաբանել