ՀՔԾ-ն Քոչարյանի տունը խուզարկել էր երկու շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է երկու շաբաթ առաջ․ այս մասին Tert.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ խուզարկություն են իրականացրել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը։

«Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ երկու  շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի վրա»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվել է որևէ բան, որը կարող է լրացուցիչ քրեական գործի համար հիմք դառնալ, Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Ես իրավունք չունեմ, այլապես կհայտնեի, թե ինչ են գտել, և այդ գտածն ինչ արժեք ունի»:

***

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2018-ի փետրվարի 19-ի ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Քոչարյանը կալանավորվել էր հուլիսի 27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց նրա խափանման միջոց կալանքը, և Քոչարյանը ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում։