Ինչ սպասել Մերկելի առաջին այցից Հայաստան

Էմիլ Սանամյան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս շաբաթվա ընթացքում այց կկատարի կովկասյան երեք երկրների մայրաքաղաքներ: Թբիլիսիում նա կլինի օգոստոսի 23-ին, Երևանում՝ օգոստոսի 24-ին, իսկ օգոստոսի 25-ին՝ Բաքվում: Ուղևորության մասին հրապարակվել էր նախորդ ամսվա վերջին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրան սկսել էին պատրաստվել ավելի վաղ։

Այցի խորապատկերն ու նպատակները

Սա տասը տարվա մեջ Գերմանիայի առաջնորդի առաջին այցն է Կովկաս. 2008 թ. օգոստոսին, ռուս-վրացական պատերազմից հետո Մերկելը կարճատև այց էր կատարել Վրաստան: Կովկասյան տարածաշրջանի համար սա յոթ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցից հետո եվրոպական առաջատար երկրի ղեկավարի առաջին այցն է:

Վերջին տարիներին Եվրամիության արևելյան հարևանության քաղաքականությունը,- որը ձգտում է ստեղծել ժողովրդավարության, բարգավաճման, կայունության և համագործակցության խորացման միասնական դաշտ,- բարդացել է ռուս-ուկրաինական հակամարտության, բուն Եվրոպայում հականերգաղթային տրամադրությունների սաստկացման, Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի և Միացյալ Նահանգների նախագահի՝ մեկուսացման քաղաքականություն պատճառով։ Արդյունքում, եվրոպական առաջնորդները պայքարում են իրենց՝ որպես գլոբալ և տարածաշրջանային գործերում վստահելի ձայն վերահաստատելու համար:

Որպես խոշոր եվրոպական երկրի առաջնորդ՝ Մերկելի ձայնը էական է այս  ջանքերի համար: Օգոստոսի 18-ին Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի հետ հակամարտության հետևանքով Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները։ Մերկելը և Պուտինը նաև քննարկել են ռուսական կողմի նախաձեռնած «Հյուսիսային Հոսք – 2» անդրծովյան գազատարը, որը կառուցվում է Ուկրաինան և Բելառուսը շրջանցելու նպատակով։ Միացյալ Նահանգները քննադատել է այս ծրագիրը՝ որպես Եվրոպայի՝ Ռուսաստանից կախվածությունը մեծացնող ծրագիր:

Բնական գազը, ամենայն հավանականությամբ, կլինի Մերկելի կովկասյան օրակարգում այն բանից հետո, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատեց  500 մլն եվրո վարկը` Բալկանյան թերակղզուց Իտալիա Ադրիատիկ ծովով գազամուղ կառուցելու համար, որի միջոցով Ադրբեջանը գազ կմատակարարի Եվրոպա: Ադրբեջանական էներգետիկ նախագծերին եվրոպական այս աջակցությունը նույնպես քննադատվել է, քանի որ այն անտեսում է Ալիևի ռեժիմի բռնապետական բնույթը:

Գերմանիայի խոշորագույն զենք արտադրող Rheinmetall-ը հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանի հետ բիզնեսով զբաղվելու համար: Մինչև այժմ գերմանական ընկերությունները ռազմական առևտրով չեն զբաղվել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով

Մերկելի այցի նախօրեին Գերմանիայում ադրբեջանցի ներգաղթյալները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել Բեռլինում՝ ռեժիմի ներքին ոտնձգությունների մասին բարձրաձայնելու համար: Անցյալ շաբաթ, հնարավոր է ոչ պատահականորեն, հինգ տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց Ադրբեջանի ամենահայտնի քաղաքական բանտարկյալ, քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը։

Բացի այդ, վերջերս Գերմանիայի խոշորագույն զենք արտադրող Rheinmetall-ը հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանի հետ բիզնեսով զբաղվելու համար: Մինչև այժմ գերմանական ընկերությունները ռազմական առևտրով չեն զբաղվել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով:

Վերջին տասնամյակի ընթացքում գերմանական ընկերությունները Հայաստանի համար եղել են նաև եվրոպական խոշոր առևտրային գործընկեր․ Հայաստանում արտադրվող պղնձի և մոլիբդենի մեծ քանակը գնում են նրանք: Գերմանիան Հայաստանի համար նաև ՆԱՏՕ-ի գլխավոր գործընկերից է. հայ խաղաղապահները հյուսիսային Աֆղանստանում ծառայում են գերմանական զորակազմում:

Սակայն, ընդհանուր առմամբ, հայ-գերմանական հարաբերությունները բավականին մակերեսային են եղել: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այս տարի երկու անգամ այցելել էր Գերմանիա․ փետրվարին մասնակցում էր Մյունխենի անվտանգության վեհաժողովին, իսկ ապրիլին շախմատի մրցաշարի: Սարգսյանը և Ալիևը վերջին անգամ Մերկելի հետ Գերմանիայում հանդիպում են ունեցել 2016-ին:

Երևանում Մերկելը հնարավորություն կունենա մոտից ծանոթանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի հետ անցյալ ամիս կարճ զրույց ունեցավ Բրյուսելում: Սակայն, հաշվի առնելով Հայաստանում ընթացիկ քաղաքական անցումային շրջանը, հավանական է, որ այս պահին ստորագրելու համաձայնագրեր դեռ պատրաստ չլինի: Փոխարենը սա կարող է լինել երկու կողմերի ակնկալիքները հստակեցնելուն ուղղված հանդիպում։ Հայաստանը կողմնակից է ժողովրդավարացմանն ուղղված զգալի և արագ աջակցության ցուցաբերմանը, Եվրոպան՝ կայուն ներքին և տարածաշրջանային ինստիտուցիոնալ առաջընթացի։

Էմիլ Սանամյանը Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող-փորձագետ է, որը բնակվում է Վաշինգտոնում։ Սանամյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիուտի Focus on Karabakh ծրագրի խմբագիրն է։

Read the article in English