Ադրբեջանն ու ՀԱՊԿ-ը կշարունակեն ընթանալ զուգահեռ ուղեգծերով․ Մարկեդոնով

Մոսկվայի Կարնեգի կենտրոնում լույս է տեսել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը՝ «Ընդլայնելով եվրասիական ՆԱՏՕ-ն․ կմիանա՞ արդյոք Ադրբեջանը ՀԱՊԿ-ին» վերնագրով։ «Համագործակցության ցանկացած առաջարկ, որը չի մոտեցնում Ղարաբաղի վերադարձը, Ադրբեջանը կամ արգելակում է, կամ ջանասիրաբար շրջանցում։ Այդպես էր Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Պարզ ասած՝ Բաքուն իմաստ չի տեսնում գտնվել նույն կազմավորման մեջ Երևանի հետ, եթե հարցը, որն Ադրբեջանում համարվում է թիվ մեկ քաղաքական առաջնահերթություն, տեղից չի շարժվում»,- ասված է հոդվածի նախաբանում։

Մարկեդոնովը գրում է, որ Ադրբեջանում սկսել են լրջորեն խոսել երկրի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) մտնելու մասին՝ նշելով, որ այնտեղ այդ կարգի քննարկումներ չէին սկսի առանց վերևների հավանության։

Ըստ Մարկեդոնովի՝ Ադրբեջանի միացումը «եվրասիական ՆԱՏՕ-ին», այսինքն ՀԱՊԿ-ին, առաջին անգամ չեն քննարկում։

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը եղել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից, որը 1992թ․ մայիսի 15-ին կնքել էին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ Պայմանագիրն ուժի մեջ էր մտել 1994թ․ և ենթադրում էր երկարաձգում հինգ տարի անց։ Սակայն 1999թ․ Ադրբեջանն ու Վրաստանը հրաժարվեցին հետագա մասնակցությունից՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի նպաստում էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորմանը Բաքվին և Թբիլիսիին ձեռնտու պայմաններով։

Այսպիսով, փաստում է քաղաքագետը, Ադրբեջանն ունի եվրասիական ռազմաքաղաքական ինտեգրման փորձ։

Ադրբեջանի միացումը ՀԱՊԿ-ին կարող է Բաքվի համար շահեկան լինել ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից, կարծում է Մարկեդոնովը։

«Չհեռանալով ղարաբաղյան հակամարտությունից՝ կարելի է ենթադրել, որ նույն ինտեգրացիոն միավորմանը Ադրբեջանի ու Հայաստանի անդամակցությունը Մոսկվային կստիպի ավելի պահանջկոտ լինել Երևանի հանդեպ և ավելի մեծ ճնշում գործադրել նրա վրա»,- գրում է նա։

Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ բավական տրամաբանական է դիտվում այն ֆոնին, որ Ռուսաստանն այդ երկիրը մշտապես դիտարկել է որպես ռազմավարական գործընկեր։

«Ռուսաստանը մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Ի տարբերություն Վրաստանի պարագայի, որտեղ Թբիլիսին ունի անհաշտ հակառուսական դիրքորոշում Աբխազիայի ու Հարավային Օսիայի պատճառով, Բաքուն աջակցում է ռուսական մասնակցությանը խաղաղ գործընթացին, չնայած՝ ժամանակ առ ժամանակ քննադատում է Մոսկվային»,- նշվում է հոդվածում։

Մարկեդոնովը շեշտում է՝ հետխորհրդային Ադրբեջանի արտաքին քաղաքական դոկտրինը հիմնված է ցանկացած ինտեգրացիոն կառույցներից՝ ինչպես արևմտամետ, այնպես էլ եվրասիական, ցուցադրաբար խուսափելու վրա։ Բաքուն երկար տարիներ է՝ «ուսումնասիրում է» ՀԱՊԿ-ի փաստաթղթերն ու ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։

Բաքվի կարևորագույն ռազմավարական դաշնակիցն Անկարան է, որը մեծ դեր է խաղում Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման հարցում։

«Այսպիսով, և Ռուսաստանը, և Արևմուտքը Ադրբեջանը դիտարկում են որպես արժեքավոր գործընկեր։ Ի տարբերություն հարևանների՝ ունի տարածաշրջանային չափանիշներով ուժեղ տնտեսություն և բավական ռեսուրսներ խոշոր տերությունների միջև խուսավարելու համար՝ վերջնականապես չմիանալով որևէ մեկին»,- գրում է քաղաքագետը։

«Ինչի՞ համար են ադրբեջանական մամուլն ու քաղաքական գործիչները բարձրացնում ՀԱՊԿ-ի թեման՝ բարձր ակնկալիքներ ձևավորելով ներքին լսարանի ու ռուսաստանցի գործընկերների մոտ»,- հարցադրում է անում Մարկեդոնովը և պատասխանում, որ պատճառները մի քանիսն են։ Շուտով անցկացվելու է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Յուրաքանչյուր նման բանակցություն Երևանի ու Բաքվի միջև յուրահատուկ մրցակցության առիթ է, և այսօր ադրբեջանական կողմը փորձում է լիարժեք օգտագործել Կրեմլի վախերը՝ «կապված Հայաստանում գունավոր հեղափոխության հետ»։

«Մոսկվայում գիտակցում են, որ նույն ինտեգրացիոն դաշինքում Բաքվի և Երևանի գտնվելը անխուսափելիորեն այն կվերածի ԱՊՀ-ի կլոնի կամ ղարաբաղյան բանակցությունների անալոգի։ Ինտեգրացիոն այս կամ այն հարցերին բովանդակային լուծում տալը կդառնա անհնար»,- գրում է Մարկեդոնովը։

Հնարավոր համարելով Մոսկվայի ու Բաքվի միջև փոխշահավետ համագործակցությունը՝ Մարկեդոնովն այդուհանդերձ չի կարծում, որ դա կբերի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը։

«Բաքուն ու «եվրասիական ՆԱՏՕ-ն», ըստ ամենայնի, կշարունակեն ընթանալ զուգահեռ ուղեգծերով»,- եզրակացնում է Սերգեյ Մարկեդոնովը։