Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը որոշել է դադարեցնել իր դիվանագիտական աշխատանքը․ այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքում՝ ռուսերեն գրառմամբ։
«Ընկերներ, արձակուրդիս ավարտին մնում է մի քանի օր։ Ժամանակը, որն անցկացրեցի հարաբերականորեն հանգիստ, իմ մեջ ամրապնդեց մի կարևոր որոշում։
Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը։
Որոշումը հասունացել էր վաղուց, և մի փոքր գաղտնիք բացեմ՝ վերջին տարիներին մի քանի անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրելով ինձ հետ կանչել, վերջին անգամ՝ այս տարվա մայիսին, սակայն ամեն անգամ մերժում եմ ստացել․ ինձ խնդրում էին շարունակել գործունեությունս որպես Ուկրաինայում Հայաստանի դեսպան։
Ու հարցն այն չէ, որ ես որպես Ուկրաինայում Հայաստանի դեսպան պաշտոնավարել եմ երկու ամբողջական ժամկետ և գերազանցել եմ պատասխանատու այս պաշտոնում գտնվելու բոլոր հնարավոր վերջնաժամկետները։ Բանն այն է, որ Հայաստանում այսօր որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծ կարծում եմ, որ եկել է երիտասարդներին ճանապարհ տալու ժամանակը՝ աճի և կայացման համար։ Հուսով եմ՝ այս անգամ դրական պատասխան կստանամ»,- գրել է Մանուկյանը։
Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն զբաղեցրել է 2010թ. ապրիլի 26-ից։