«Ինչո՞ւ ոչ»․ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Բաբլոյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

«Այո՛, ինչո՞ւ ոչ։ Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ, որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ, վախեր, չունենան», – լրագրողներին ասաց վարչապետը։

Օրերս Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի ելույթին և մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, և հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում»,- հայտարարել է Բաբլոյանը։

Նա ասել է, որ նախատեսում է հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: