Կառավարությունը հայտարարում է եկամտահարկի նվազեցման մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խոսեց եկամտահարկի նվազեցման և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։

Երեկ հարցին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու հարցը, որը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում: 

«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել: Մենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ մենք եկամտահարկի իջեցում ենք ունենալու»,- ասաց վարչապետը:

Նա նաև տեղեկացրեց, որ փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում: