Այսօր մեկնարկում է Գերմանիայի կանցլերի հարավկովկասյան շրջագայությունը

Այսօր մեկնարկում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հարավկովկասյան շրջագայությունը, առաջին կանգառը Վրաստանն է։

Ինչպես փոխանցում է վրաստանյան agenda.ge կայքը, Մերկելն առաջին անգամ է այցելում Թբիլիսի 2008թ․ օգոստոսից ի վեր, երբ նա մեկօրյա այցով ժամանել էր Վրաստան՝ ռուս-վրացական պատերազմին հաջորդող օրերին բանակցություններ անցկացնելու նպատակով։

Այսօր նախատեսված է Մերկելի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, ավելի ուշ՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։

Վրաստանյան georgiatoday.ge կայքը գրում է, որ Մերկելը տարածաշրջան է այցելում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։

«Մերկելը հերթական անգամ առերեսվելու է Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը»,- գրում է կայքը՝ հավելելով, որ հնարավոր է՝ նա դիվանագիտական ազդանշաններ ուղղի Մոսկվային՝ այցելելով օկուպացիոն գիծ (կառուցվել է Ռուսաստանի կողմից)։

Վաղը Մերկելը կժամանի Հայաստան, վերջին կանգառն Ադրբեջանն է, որտեղ կանցլերը կլինի շաբաթ օրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ի՞նչ սպասել Մերկելի առաջին այցից Հայաստան՝ Էմիլ Սանամյանի անդրադարձում։

Մեկնաբանել