Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ։
«Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի և խեղաթյուրված տեսակետը։
Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի նման գործողությունները և կարծում ենք, որ եթե դրանք հետագայում ևս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը։
Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն հարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։ Վստահ ենք, որ խորհրդարանականների և այլ պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սև ցուցակի», դառնալու են կարևոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպես տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին»,- ասված է մեկնաբանությունում։
Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր, «սև ցուցակում» ընդգրկված Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, որը Մերկելին պետք է ուղեկցեր նրա հարավկովկասյան շրջագայության ժամանակ։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Վայլերն այցելել է Լեռնային Ղարաբաղ 2014 և 2016 թվականներին։