Գերմանիան սատարում է Վրաստանին, այդ պատճառով եմ այստեղ․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հարավկովկասյան շրջագայությունը մեկնարկել է երեկ՝ Վրաստանից։ Թբիլիսիում կայացել է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որին հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

Ինչպես հաղորդում է agenda.ge կայքը, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններում, Վրաստանի եվրատլանտյան ձգտումները, մշակութային և տնտեսական կապերը։

«Գերմանիան սատարում է Վրաստանին և ապագայում էլ կսատարի։ Հենց այդ պատճառով եմ այստեղ։ Վրաստանը Արևելյան գործընկերության շատ կարևոր գործընկեր է, կնքվել է Ասոցացման մասին համաձայնագիրը, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը»,- ասել է Մերկելը։

Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Գերմանիային Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։

Անգելա Մերկելի վրաստանյան այցի շրջանակում կնքվել է 193 մլն եվրոյի երկու համաձայնագիր։ Այսօր Մերկելն այցելում է Ցխինվալիի շրջանում «օկուպացիոն գիծ»։

Վրաստանից հետո Մերկելի հաջորդ կանգառը Հայաստանն է՝ օգոստոսի 24-25-ը։

Մեկնաբանել